ԿարևորՔաղաքական

Թուրքիայի վարչապետն ուղերձ է հղում ապրիլի 24- ի նախօրեին, սակայն չի ճանաչում Ցեղասպանությունը

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին  աշխարհասփյուռ հայությանը հասցեագրված ուղերձ է հղել:

«Ապրիլի 24-ը օր է, որը հատուկ նշանակություն ունի մեր երկրի հայ քաղաքացիների և աշխարհի բոլոր հայերի համար և լավ հնարավորություն է ազատ մտքեր փոխանակելու պատմական իրադարձությունների վերաբերյալ: Չի կարելի հերքել, որ Օսմանյան Կայսրության գոյության վերջին տարիներին միլիոնավոր թուրքերի, քրդերի, հայերի և կայսրության մյուս քաղաքացիների համար՝ անկախ էթնիկ պատկանելությունից, դժվար ժամակաշրջան էր՝ լի դառը իրադարձություններով», իր ուղերձում գրել է Էրդողանը:

«Ինչպես մեր նախնիներն են ասել՝ «կրակը ընկած տեղն է այրում»: Մարդկային  արդարացի պարտականությունն է թելադրում կիսել դառնությունը, որը զգացել են Օսմանյան կայսրությում ապրող հայերն ու մյուս ժողովուրդները՝ ուշադրություն չդարձնելով հարցի էթնիկ բաղադրիչին»,- նշել է Թուրքիայի վարչապետը: Էրդողանի համոզմամբ՝ 1915 թվականի դեպքերի մասին ազատ արտահայտվելը Թուրքիայում բազմակարծության, ժողովրդավարական մշակույթի և արդիականացման արտացոլում է:

Բացի հայությանը ցավակցություն հայտնելուց` Թուրքիայի վարչապետը արել է մեկ ուշագրավ հայտարարություն ևս. «1915 թվականի իրադարձությունների օգտագործումը որպես Թուրքիայի հետ քաղաքական հակամարտության պատրվակ անթույլատրելի է»:

Թուրքիայի վարչապետի ուղերձը՝ ուղղված հայությանը տպագրել են թուրքական թերթերը՝ այն անվանելով աննախադեպ։ «Հյուրիեթն» ուղերձն իր կայքում տեղադրել է ութ լեզուներով (ամբողջությամբ կարդալ այստեղ

«Ֆրանս-24»- ը այն ներկայացրել է որպես ցնցող իրադարձություն: Նշենք, որ Թուրքիայի վարչապետի խոսքերն ինքնին ցնցող չեն. Էրդողանը հավատարիմ է պաշտոնական Անկարայի՝ Ցեղասպանությունը հերքելու քաղաքականությանը, ցնցողն այն է, որ ուղերձը Թուրքիայի վարչապետն առաջին անգամ  հղում է  ապրիլի 24-ի նախօրեին՝ ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։

Back to top button