Հասարակություն

Հայաստանում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությունը: Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո կայացել է նախարարների առանձնազրույցը: Հայաստանի եւ Լիտվայի պաշտպանության նախարարներն արդյունքները լրագրողներին են ներկայացրել համատեղ մամուլի ասուլիսում:

Հայաստանի եւ Լիտվայի միջեւ ստեղծված բարձր մակարդակի երկխոսությունը հնարավորություն է տալիս պաշտպանության ոլորտում նույնպես զարգացնել հարաբերությունները: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն արձանագրում են, որ միջազգային տարաբնույթ մարտահրավերներով ու զարգացումներով լի ներկայիս պայմաններում հայ-լիտվական ռազմական հարաբերությունները դինամիկ զարգանում են:
«Մենք անդրադարձանք նաեւ անվտանգային խնդիրներին եւ տարածաշրջանային այն մարտահրավերները, որոնք գոյություն ունեն , թույլ են տալիս, որ մենք միեւնույն տեսակետներն արտահայտենք ու նաեւ ամեն ինչ ձեռնարկենք տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության, կայունության ամրապնդման գործընթացներում պահպանվեն միջազգային նորմերը: Հատկապես` զինադադարի պայմանագրի կատարումը, ուժի չկիրառման խնդիրները, որոնք հնարավորություն կտան երկարատեւ խաղաղության պահպանման պայմաններ ստեղծել»:

Նախարարները հանձնարարել են նաեւ հարաբերությունները զարգացնելու նոր եզրեր գտնել: Ասացին, որ գոհ են օրվա բանակցություններից: Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուզաս Օլեկասն իր խոսքում շեշտեց, որ ներկայումս Եվրոպայում անվտանգային այլ իրավիճակ է, ուստի հայ գործընկերոջ հետ նաեւ կարծիքներ են փոխանակել այդ ամենի մասին:
«Իմ գործընկերոջը վստահեցրեցի, որ շատ կարեւոր են Արեւելյան գործընկերության երկրների հետ, ներառյալ` Հայաստանի հետ համագործակցության զարգացման հարցերը: Լիտվան կշարունակի Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին օժանդակությունը, քանի որ դա իր նպաստն է բերում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանը»:

Յուզաս Օլեգասն ասաց, թե բարձր է գնահատում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը պաշտպանության ոլորտում, մասնավորապես` միջազգային խաղաղապահ առաքելության մեջ Հայաստանի ներդրումը` ՆԱՏՕ-ի ղեկավարած ծրագրի շրջանակներում: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցին անդրադառնալով` Հայաստանի պաշտպանության նախարարն ասաց հետեւյալը.

«Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր հարաբերությունները մնայուն են: Այն հանձնառությունները, որոնք համապատասխան ոլորտներում համագործակցության զարգացմամբ են պայմանավորված, մնալու են եւ մենք այդ միջոցառումներն իրականացնելու ենք մինչեւ վերջ»:
Նախարարներն անդրադարձան նաեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ գոյություն ունեցող լարվածության` Հայաստանի հետ համագործակցության վրա հնարավոր ազդեցության մասին հարցին: Հայաստանի տեսակետն այն է, որ կոնֆլիկտները եւ վեճերը լուծվեն միայն խաղաղ ճանապարհով` նախ շեշտեց մեր երկրի պաշտպանության նախարարը, ապա հավելեց.

«Գտնվելով կոնֆլիկտային տարածաշրջանում` մենք քաջ տիրապետում ենք միջազգային այն նորմերին, որոնք գոյություն ունեն, հատկապես` ուժի չկիրառումը եւ մենք ինքներս այս տարածաշրջանում համապատասխան պայմաններ ենք ստեղծում օրըստօրե` հրադադարի պայմանների կատարման եւ նաեւ զսպման ու համապատասխան պարտադրման միջոցառումների ձեռնարկմամբ, որպեսզի տիրի խաղաղություն եւ կայունություն: Այս առումով գտնում եմ, որ մեր համագործակցությունը ՌԴ-ի հետ որպես ռազմավարական գործընկեր մնայուն են, հաստատուն, երկարատեւ եւ չի կարող այդ համագործակցությունը ազդել Հայաստանի հետ ռազմական համագործակցության վրա»:

Լիտվայի պաշտպանության նախարարի խոսքով` իրենք կայունություն եւ խաղաղություն են ցանկանում հարեւանների, այդ թվում` Ռուսաստանի հետ: Յուզաս Օլեկասը հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ բավականին երկար համագործակցել է, սակայն Ղրիմի հետ կապված իրադարձություններն, իհարկե, իր ազդեցությունը կթողնի այդ համագործակցության վրա: «Բալթյան երկրները, այդ թվում եւ Լիտվան, չեն կարող ներկա իրավիճակից դուրս ապրել, ուստի` ՆԱՏՕ-ի գործընկերներն ավելացրել են բալթյան երկրների երկնքում ՆԱՏՕ-ի կողմից օդային վերահսկողության առաքելությունը»,-նշեց Լիտվայի պաշտպանության նախարարը: Յուզաս Օլեկասը միաժամանակ շեշտեց, թե` մյուս կողմից իրենք ջատագով են Արեւելյան գործընկերության երկրների, այդ թվում` Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու եւ զարգացնելու:

Back to top button