Հասարակություն

«Խելացի դասարան» կբացվեն ԵՊՀ- ում ու «Ֆոտոն» վարժարանում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԿԳ նախարարության, «Նոր սերնդի դպրոց» հկ և «Սամսունգ էլեկտրոնիկս» ընկերության միջև այսօր ստորագրվել է  կրթական համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում ԵՊՀ-ում և Գյումրու  «Ֆոտոն» վարժարանում կիրականացվի արդի սարքավորումներով մեկական սենյակ ամբողջությամն կահավորելու ծրագիր:

«Խելացի դպրոց» ծրագիրը բուհի և վարժարանի սաներին հնարավորություն կտա օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, ինչը կրթական գործընթացը կդարձնի առավել արդյունավետ: Թե ժամանակակից ինչ սարքավորումների մասին է խոսքը, մանրամասնեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: «Այն տեսանելի կարտահայտվի նոր պլանշետներով, համակարգիչներով և խելացի գրատախտակի ներդրմամբ խելացի դասարանում: ԵՊՀ-ում այդ դասարանը կկառուցվի ֆիզմաթ թեքում ունեցող ամբիոններից մեկում: Այն կլինի շուրջ 40 հոգանոց լսարան»։

Ծրագիրը կիրականացվի «Սամսունգ էլեկտրոնիկս» ընկերության անմիջական մասնակցությամբ ու օժանդակությամբ և, ինչպես նշեց ընկերության կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը, «կանենք լավագույնը` տեղադրելու համար այս նոր համակարգը ուսումնական հաստատություններում»։

Նախաձեռնությունը պատահական չէ, և տեղեկատվական այս նոր տեխնոլոգիաների ներդրումը կխթանի դպրոցներում աշակերտների և ուսուցչական անձնակազմի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների առավել արդյունավետ օգտագործումը, ինչն էլ իր հերթին կնպաստի dasaran.am կրթական ծրագրի հեռանկարային զարգացմանը, նկատում է «Նոր սերնդի դպրոց» հկ նախագահ Սուրեն Ալոյանը: Ծրագրի համակարգողների տեղեկացմամբ` առաջին փուլը, այն է` վարժարանի դասասենյակը, պատրաստ կլինի մինչը մայիսի վերջ: Սեպտեմբերին էլ շահագործման կհանձնվի համալսարանի համապատասխան լսարանը։

Back to top button