Հասարակություն

Գիտնականներն արժանի չեն այն վերաբերմունքին, որին արժանանում են կառավարության ու հանրության կողմից. ԳԱԱ նախագահ

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հանրապետության նախագահի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովը: Ներկայացնելով 2013 թվականի գիտական գործունեության արդյունքները ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ ոլորտում իրականացվել է ծավալուն ու նպատակասլաց աշխատանք:

Հայաստանի ԳԱԱ-ի համար 2013-ը հոբելյանական էր, ակադեմիան նշեց հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանակ միջոցառումները պատշաճ անցկացնելու համար ստեղծվեց պետական հանձնաժողով նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: «Շատ երկրների ակադեմիաների նախագահներ բարի նախանձով էին խոսում երկրի ղեկավարի՝ Ակադեմիայի հանդեպ ցուցաբերող ուշադրության մասին»,-իր ելույթում այսօր ընդգծեց Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա վստահեցրեց, որ հաշվետու տարում համակարգի բոլոր գիտական կառույցներում շարունակվել են հիմնարար և կիրառական բնույթի գիտական մշակումները, պահպանվելէ բարձր մակարդակի գիտական արդյունքների ստացման ավանդույթը: Սակայն ակադեմիական ինստիտուտներում ստացված մասնավորապես կիրառական բնույթի արդյունքները, ցավոք, չեն նպաստում երկրի տնտեսության զարգացմանը, քանի որ գիտական մտքի արդյունքի ու արտադրության միջև անջրպետը դեռևս անհաղթահարելի է: Ակադեմիայի նախագահը սա ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկն է համարում:

Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց միջազգային գիտական համագործակցությունը: Ակադեմիայի ինստիտուտները համագործակցում են , , ՌԴ-ի, Բելառուսի, Ուկրաինայի, ԱՊՀ այլ երկրների ակադեմիկոսների, արտերկրի գիտնականների հետ: Անդրադառնալով սոցիալական խնդիրներին, Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ այդ ցանկում դժվար լուծելի խնդիրներից է բնակարանների խնդիրը, որն առավել խոցելի է մասնավորապես երիտասարդների դեպքում: Նշենք, որ հանրապետության նախագահի աջակցությամբ կառուցվող 200 բնակարան ունեցող շենքի շինարարությունը կավարտվի տարեվերջին,իսկ նախագահի աջակցությամբ նոր, 150 բնակարան ունեցող շենքի շինարարությունը կմեկնարկի տարվա ընթացքում: 2014-ի հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ –ի կազմում ընդգրկված է 55 ակադեմիկոս և 58 թղթակից անդամ: Ակադեմիայի համակարգում աշխատում է 4077 մարդ, որոնցից 2515-ը գիտական աշխատողներ են: Համակարգի աշխատողների միջին աշխատավարձը Հայաստանում 74 հազար դրամ է:

«Գիտությունն ու գիտնականներն արժանի չեն այն վերաբերմունքին, որին արժանանում են կառավարության ու հանրության կողմից: Թուրքիայում ուսուցիչն ու դասախոսն ավելին են ստանում, քան նախարարը: Այստեղ նվազագույնն են ստանում: Չի կարելի այդպես շարունակել ու սպասել գիտական մեծ նվաճումների»,-ակադեմիայի տարեկան ժողովում ունեցած իր ելույթում ասաց ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը, ով անդրադարձավ նաև կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգին: «Այդ համակարգի իրագործման դեպքում մենք կկորցնենք այն երիտասարդներին, ովքեր գալիս են դեպի գիտություն»,-ասաց գիտնականը: Նախագահ Սերժ Սարգսյանն ի պատասխան ակադեմիկոսի դժգոհության, ասաց, որ կառավարության կայքում այսօր կլինի մի փաստաթուղթ, որը կարտահայտի նոր կառավարության վերաբերմունքը կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին:«Կտեսնեք, որ քայլեր ձեռնարկվում են»,-նշեց նախագահը:

Back to top button