Միջազգային

Քերին Լավրովին կոչ է արել նպաստել Ուկրաինայում դեէսկալացիային

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և կոչ արել Ռուսաստանին նպաստել Ուկրաինայի հարցով ժնևյան պայմանավորվածությունների իրականացմանը, հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:

«Պետքարտուղարը կոչ է արել Ռուսաստանին ձեռնարկել կոնկրետ քայլեր ժնևյան համաձայնագրի դրույթների իրականացման համար, նաև բաց կոչ ուղղել անջատողականներին՝ ապօրինի գրավված  շենքերն ու անցակետերը լքելու և կողմերին հուզող հարցերը քաղաքական ճանապարհով լուծելու համար»,-ասել է Պսակին:

«Պետքարտուղարը կոչ է արել նաև Ռուսաստանին բարձրաստիճան դիվանագետ նշանակել Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ-ի առաքելության հետ աշխատելու համար, որպեսզի անջատողականները համոզվեն, որ Մոսկվան հավատարիմ է պայմանավորվածություններին և ձգտում է դեէսկալացիայի», — հավելել է նա:

Երկուշաբթի Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Կիևի ներկա իշխանությունները կոպտորեն խախտում են Ժնևյան պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել անցած շաբաթ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և Ուկրաինայի միջև: «Ժնևյան համաձայնագիրը ոչ միայն չի կատարվում, այլ նաև ձեռնարկվում են քայլեր, նախևառաջ Ուկրաինայում իշխանությունը զավթած մարդկանց կողմից, որոնք կոպտորեն խախտում են համաձայնագրի դրույթները», -ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը:

«Ներկայացվում են պահանջներ հարավ արևելյան շրջանների հետ կապված, թե չեն ազատվում  գրավված շենքերը և չեն վերացվում անցակետերը: Մինչդեռ իշխանությունները մատը մատին չեն խփում, ոչինչ չեն անում, վերացնելու համար այն պատճառները, որոնք ընկած են ներուկրաինական ճգնաժամի հիմքում», — պարզաբանել է նա։

Back to top button