Հասարակություն

Վարչապետն ու ԱԺ ուժերը քննարկել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը (լրացված)

լրացվել է ժամը 19։04

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան»,«Օրինաց երկիր», ՀՅԴ և «Ժառանգություն»  խմբակցությունների ներկայացուցիչները։ Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քաղաքական համագործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորել դրա շարունակականությունը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարևորում է խորհրդարանական խմբակցությունների հետ համագործակցությունը և պատրաստ է հետագա երկխոսության` տարբեր ձևաչափերով։ Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։   

ԱԺ հինգ խմբակցությունների անդամները վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած այսօրվա հանդիպումն արդյունավետ են գնահատում։ Գրեթե երկու ժամ տևած փակ քննարկումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց հետեւյալը. Հովիկ Աբրահամյանը խոստացել է պարտադիր բաղադրիչի կասեցման ուղղությամբ քայլեր անել և ասել է, որ առաջիկա երկու օրերին պատրաստ կլինի կառավարության մշակած օրենքի նոր նախագիծը, որը կդրվի քննարկման։

«Շատ ենք կարևորում այն, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել, և բարձրացված հարցերին լիարժեք պատասխաններ հնչեցին: Խնդիրը երկու փուլի է բաժանվում, առաջին փուլն այս կարճաժամկետ հատվածն է, որպեսզի վերականգնվի հասարակության վստահությունը: Դա նշանակում է, որ այնպիսի փոփոխություններ պետք է լինեն, որոնք թույլ կտան, որ քաղաքացիները բացառապես իրենց կամարտահայտությամբ համակարգին մասնակցեն։ Չի լինելու որևէ պարտադրանք, չի լինելու տույժ ու տուգանք: Երկրորդ փուլն արդեն նոր մոդելի մշակումն է, որը ենթադրում է հասարակության տարբեր շերտերի ներգրավումը։ Դա ավելի երկար ժամանակ է պահանջում»,- ասաց նա։

Նկատենք, որ հանդիպմանը ներկա չէր Հայ ազգային կոնգերսը։ «Ռադիոլուրի» հետ զրուցում ՀԱԿ խմբակացության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ հանդիպման գնալու անհրաժեշտություն չկար, քանի որ իրենց դիրքորոշումներում փոփոխություն չի եղել: Այդ հակասահամանադրական օրենքը պետք է կասեցվի, դա հասարակության և պատգամավորների պահանջն է։

Վերադառնալով հինգ խորհրդարանական ուժերի հետ տեղի ունեցած քննարկմաը` Արծվիկ Մինասյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն այսօրվա քննարկմանը հստակ ասել է, որ պարտադիր բաղադրիչը չի գործելու և պարտադիր պահումներ չանող գործարարները չեն տուգանվելու։ «Այո, ասել է, և գործատուներն էլ տույժ ու տուգանքներ չեն վճարի»,- պատասխանեց։ Միաժամանակ՝ ՀՅԴ պատգամավորն ասում է՝ քանի դեռ կառավարության նոր նախագիծը պատրաստ չէ, իրենք վերջնական եզրակացություն անել չեն կարող անել: Հետևաբար՝ նա առաջարկեց սպասել նոր օրինագծին։

Նախագիծը կլինի, կտեսնենք, թե որքանով են մեր և «Դեմ եմ» շարժման առաջարկություններն իրացված այդ նախագծում, այն ժամանակ էլ կտանք մեր հետագա քայլերի վերաբերյալ հստակ տեղեկություն, ասաց։

Հիշեցենք, որ ապրիլի 28- ին խորոհրդարանակ ոչ իշխանական ուժերը նախատեսել էին արտահերթ նիստ հրավիրել և քննարկել կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը, սակայն առայժմ հայտնի չէ, թե ոչ իշխանական ուժերը կհրավիրե՞ն արդյոք արտահերթ նիստ՝ քննարկելու օրենքի նախագիծը, թե՞ ոչ։

Հարցին՝ ինչո՞վ են իրենք բացատրում կառավարության դիրքորոշման փոփոխությունը օրենքի նախագծի վերբերյալ Արծվիկ Մինասյանի պատասխանը հետևյալն էր.«Իմ կարծիքով՝ Սահմանադրական դատարանի որոշումն ավելի խորությամբ ընթերցվել է, ինչպես նաև հասարակական ընդվզումը, Սերժ Սարգսյանի դրական դիրքորոշումը համակարգը վերանայելու ուղղությամբ ու Հովիկ Աբրահամյանի բազմիցս հնչեցրած ցանկությունն իրար հետ համատեղվել են:Դրան գումարվեց քաղաքական ոչ իշխանական և ընդդիմադիր ուժերի պատրաստակամությունը, որ համագործակցեն հարցը լուծելու ուղղությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Back to top button