Վերլուծական

Սիրիական հակամարտության պատճառը Ասադի տնտեսական սխալ բարեփոխումների արդյունքն է

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ցանկացած հակամարտություն ունի տարբեր շերտեր եւ մեկ ընդհանուր բացատրություն ու պատմություն առաջարկելը, պարզապես, սխալ կլինի ու սահմանափակ, այսօր ասել է սփյուռքահայ քաղաքական վերլուծաբան, լրագրող, Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության դպրոցի գիտաշխատող Վիգեն Չեթերյանը` խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Մանրակրկիտ ներկայացնելով Սիրիայի պատմությունը` սկսած 1946-ից, երբ Սիրիան անկախ պետություն դարձավ` ազատվելով ֆրանսիական գաղութարարությունից, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չեթերյանը նկատեց, որ Սիրիայի իշխանական ուժերը զարգացնում են այն տեսակետը, թե հետադիմական ուժերի հարձակումները կատարվում են իշխանության՝ հակաարևմտյան, հակաիսրայելական լինելու պատճառով: Մինչդեռ, ըստ վերլուծաբանի, Սիրիական ապստամբությունը Բաշար ալ Ասադի տնտեսական սխալ բարեփոխումների արդյունք էր։

Վիգեն Չեթերյանը հիշեցրեց, որ Բաշար ալ Ասադի հոր կառավարման տարիներին Սիրիան դարձավ կայուն պետություն և սկսեց միջամտել տարածաշրջանային հարցերին: Մինչդեռ՝ Բաշար ալ Ասադի օրոք Սիրիան որպես պետականություն քանդվեց և սիրիական պայքարի մեջ գտնվող ուժերից որևէ մեկը չի հավատում Սիրիական պետականության գոյատևմանը։

Անդրադառնալով Քեսաբի դեպքերին` Վիգեն Չեթերյանը չկիսեց այն մոտեցումները, թե դրանք կապ ունեն Ղրիմի իրադարձությունների հետ: Վերլուծաբանն ավելի շատ տեսնում է թուրքական գործոնն ու Սիրիական ներքին զարգացումների տեմպերը: Խոսելով տեղեկատվական բաղադրիչի մասին` Վիգեն Չեթերյանը կարծիք հայտնեց, որ Քեսաբի դեպքերի վերաբերյալ տեղեկատվական արշավը խիստ անգրագետ իրականացվեց։ «Սիրիայում հայկական թաղերին կից առկա են ապստամբ թաղամասեր, որտեղ մարտեր են ընթանում։ Հայկական կողմի սխալ քաղաքականությունը կարող է այդ թաղամասերի համար կործանման վտանգ ստեղծել»,- ասում է վերլուծաբանը։

Նրա կանխատեսմամբ՝ Սիրիայում պայքարը դեռ երկար է շարունակվելու, քանի որ այն վերածվել է միջազգային տարբեր շահերի բախման թատերաբեմի: Վիգեն Չեթերյանը նաեւ նկատեց, որ Քեսաբը առաջին հարվածը չէ հայկական համայնքներին: Նրա խոսքով` ամբողջ հայությունը պիտի օգնության ձեռք մեկնի սիրիահայերին, իսկ հայկական պետականությունը պետք է պատրաստ լինի օժանդակելու և ընդունելու իր համայնքներին։

Back to top button