Հասարակություն

Մամոգրաֆիկ հետազոտություն անցած ամեն երրորդ կնոջ մոտ հայտնաբերել են նորագոյացություն

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ամեն տարի առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կանանց միամսյակի շրջանակներում կազմակերպվում է նաեւ նրանց առողջության պահպանման միամսյակ: Այս տարի ակցիային մասնակցել են ոչ միայն  մայրաքաղաքի, այլեւ մարզերի կանայք: Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն  այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ այս տարի ակցիայի մասնակիցների թիվը գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշը։

Գինեկոլոգիա, ակնաբուժություն, ուռուցքաբանություն, սրտաբանություն, նյարդաբանություն. սրանք այն հիվանդություններն են, որոնք շատ հաճախ հանդիպում են կանանց մոտ և նախարարությունն էլ առաջնահերթությունը տվել է հենց այս ուղղություններով բուժծառայությունների մատուցմանը, սակայն այլ հիվանդություններով էլ  է կազմակերպվել բուժօգնություն: «Մարզերում մոտավորապես 1171 կնոջ մոտ հայտնաբերվել են առողջական խնդիրներ, որոնց մի մասը հիվանդանոցային հաստատություններում ստացել է բուժօգնություն, իսկ 766 կին ուղեգրվել է Երևանի մասնագիտացված կենտրոններ»,- ասում է Կարինե Սարիբեկյանը։

Մայրաքաղաքի պոլիկլինիկաներ դիմած 30 հազար կանանց գրեթե կեսի մոտ կատարվել են տարբեր հետազոտություններ, շատ կանայք վիրահատվել են։ Ակցիայի արդյունքները ցույց են տվել, որ ամենապահանջված առողջապահական ուղղությունը եղել է ակնաբուժությունը։ Միջոցառման շրջանակներում մոտ 500 կին  պահպանել է  աչքի լույսը:

Կանանց նախաքաղցկեղային հիվանդությունների հայտնաբերման նպատակով իրականացվել է  կրծքագեղձի սոնոգրաֆիա և մամոգրաֆիա: «Մենք ունեցել ենք 379 մամոգրաֆիկ հետազոտություն, 111 կնոջ մոտ ախտորոշվել է չարորակ նորագոյացություն՝ մամոգրաֆիկ հետազոտություն անցած ամեն երրորդ կնոջ մոտ»։

Այս դեպքերը, առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի փոխանցմամբ, հայտնաբերվել են վաղ փուլերում, ինչն էլ երաշխավորում է արդյունավետ բուժում: Միամսյակի ավարտից հետո բոլոր այն կանայք, ովքեր հաշվառված են հիվանդանոցներում հնարավորություն ունեն բուժծառայություններից  օգտվել անվճար։

Միամսյակի արդյունքներից ելնելով՝ առողջապահության նախարարությունն անհրաժեշտ է համարում ուսումնասիրել ակնաբուժական և գինեկոլոգիական ծառայությունների ֆինանսավորման վերանայման հնարավորությունը, դիտարկել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ու կանխարգելման ծրագրերի մշակման ու ներդրման հարցը:

Back to top button