ՀՅԴ- ն փաստարկված քննադատությունը կզուգակցի այլընտրանքային ծրագրերին


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ՀՅԴ Հայաստանի 18-րդ Գերագույն ժողովը վերահաստատել է կուսակցության Գերագույն մարմնի ապրիլի 17-ի հայտարարությունը: Հիմնական դրույթները մնացել են ուժի մեջ՝ ամփոփելով ապրիլի 18-20-ը Աղվերանում անցկացված ժողովի արդյունքներն այսօր ասել են Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը: Իսկ ապրիլի 17-ի հայտարարությամբ Դաշնակցությունն արձանագրել էր նոր կառավարությանը մաս չկազմելու և ընդդիմադիր գործունեությունը շարունակելու որոշումը՝ միաժամանակ ամրագրելով, որ իշխանությունների հանդեպ իր վերաբերմունքը պայմանավորելու է 7 կետանոց ծրագրի իրագործման աստիճանով:
Կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում` փաստարկված քննադատությունը զուգակցելով այլընտրանքային, զարգացման ծրագրերի ներկայացմամբ՝ ասվում է ՀՅԴ Հայաստանի 18-րդ Գերագույն ժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։ Այն նաև արձանագրում է, որ կուսակցության` համակարգային փոփոխություններ երաշխավորող քաղաքական ու տնտեսական առաջարկությունների 7 կետանոց փաթեթը շարունակում է որոշիչ գործոն մնալ իշխանությունների և քաղաքական ուժերի հետ ՀՅԴ հարաբերություններում։
Եթե այս փուլում դաշնակցությունն իշխանություններից հստակ երաշխիք ստանար, որ ծրագրային 7 կետերն իրագործվելու են, ապա կստանձներ դրանց իրականացման պատասխանատվությունը, այսօր հայատարարեց ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը։ «Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո մենք չունեինք այն երաշխիքը, որ այդ 7 կետերն ընդունվում են և պետք է իրականացվեն, քանի որ մի բան է ընդունել, այլ բան՝ իրականացման հստակ ժամանակացույց ունենալը: Սա տեղի չի ունեցել, բայց իշխանություններն այդ դուռը բաց են թողել՝ ասելով, որ այդ կետերին անդրադառնալու են»:
Դաշնակցությունն առայժմ ամբողջական պատկերացում չունի, թե որ չափով են ընդունելի և իրագործելի իր առաջարկները: Ու քանի որ չկա այդ հստակությունը, ՀՅԴ-ն էլ որոշել է ներկա չլինի նոր ձևավորվող կառավարությունում5 «Եթե այդ 7 կետերը լիարժեք ընդունվեն, ասել եմ և հիմա հիմա էլ կրկնում եմ, որ պատրաստ ենք ամբողջական պատասխանատվություն ստանձնել: Քանի որ հստակություն չկա, մենք հայտարարեցինք, որ կոալիցիայի մաս չենք կազմում: Մեզ համար ինքնանպատակ չէ կառավարության մաս կազմելը: Դրա համար մենք ասում ենք, որ այս պահին մնում ենք ընդդիմադիր դաշտում, շարունակում ենք պահանջել համապատասխան քայլերի իրականացում յոթ կետերի ուղղությամբ և մեր հարաբերությունները կառավարության հետ պայմանավորել դրանով»:
Ի դեպ՝ 7 կետերի լիարժեք ընդունման ակնկալիք Դաշնակցությունն ունի ոչ միայն իշխանություններից, այլ նաև ընդդիմադիր ուժերից: Դաշնակցության Գերագույն մամրնի անդամն այսօր չհերքեց, որ 7 կետերի առնչությամբ տարընկալումներ կան նաև ոչ իշխանական քառյակում: Սա Արմեն Ռուստամյանին հուշում է, որ քառյակը ռազմավարական առումով երկարաժամկետ գործունեության հեռանկար չունի։ «Մեզ համար տարբերություն չկա՝ իշխանությունից չեն ընդունում մեր առաջարկները, թե ոչ իշխանությունից: Եթե մի ուժ դեմ է , որ ընդդիմությանը լիազրություններ տրամադրվեն, ուրեմն այդ ուժն ուզում է իշխանության գալ առանց համակարգային փոփոխությունների, ուրեմն այդ ուժի հետ համագործակցությունն առնվազն կասկածելի է ե»։
Լրագրողներից մեկի ճշգրտող հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն է քառյակի այն ուժը, որը հավակնում է իշխանության`առանց գործող համակարգային փոփոխությունների, հերքում կամ հաստատում չհաջորդեց: Դաշնակցական գործիչները նշեցին, որ քառյակի շրջանակներում լինում են բաց քննարկումներ, իսկ մնացյալը` ժամանակը ցույց կտա։