ԿարևորՄշակույթ

«Կուլ չերթանք այս ահեղ լափումին, թույլ չտանք մեր լեզուն ավերեն, եկ խոսենք, միշտ խոսենք, հայերեն»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մշակույթ կրող մարդն ու ազգը ուրիշինը  երբեք չի ոչնչացնի, ուրիշին տիրելու մոլուցք չունի։ Մշակույթները պատերազմների ու արհավիրքների  պատճառ չեն դառնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն, ով Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի  տնօրեն Կարապետ Վարդանյանի հետ քննարկել են մշակութային   արժեքներին ու անարյուն ցեղասպանությանը   վերաբերող հարցեր:

Մշակութային կամ անարյուն ցեղասպանությունը ծառացած է բոլոր՝ հատկապես փոքրաթիվ, ժողովուրդների առաջ: Սա Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանի կարծիքն է: Վերջինիս դիտարկմամբ՝ մշակութային ցեղասպանության ամենահզոր ու ժամանակակից վարդապետությունը գլոբալիզացիան է։ Սա աղետ է, որն այսօր խնդիր է ինքնուրույն մշակույթ ունեցող բոլոր ժողովուրդների համար:

Յուրաքանչյուր ժողովուրդն ինքն է փորձում ինչ- որ կերպ հակազդել, ասում է Կարապետ Վարդանյանն ու հիշում  Խաչիկ Դաշտենցի՝ շուրջ ութ տասնամյակ առաջ գրած տողերը. «Այս երևույթին նա ասում էր «ահեղ լափում»։ 7- 8 տասնամյակ առաջ նա այսպիսի մի մոռացված բանաստեղծություն է գրել՝ «Կուլ չերթանք այս ահեղ լափումին, թույլ չտանք մեր լեզուն ավերեն, եկ խոսենք, միշտ խոսենք, հայերեն»։ Սա ասված էր գլոբալիզացիայի մեկ այլ դրսևորման պայմաններում, խոսքս բոլշևիզմի, կոմունիզմի մասին է, որը ևս միտված էր համահարթելու առանձին ազգային մշակույթներ։

«Մշակույթ կրող մարդն ու մշակույթ կրող ազգն ուրիշին երբեք չի ոչնչացնի, ուրիշին տիրելու մոլուցք չունի։ Մշակույթները պատերազմների ու արհավիրքների պատճառ չեն դառնում»,- ասում է «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ու ազգերը երկու խմբի բաժանում՝ արարող և ավիրող: Արարող ազգը, անհատը չի ձգտում ուրիշինը խլել, քանի որ հաճույք է ստանում, երբ ինքն է արարում և տեսնում է, թե իր ստեղծածն ինչ է դառնում։ «Բայց այն ազգերը, որոնք ի զորու չեն ստեղծագործելու, ստեղծելու, և աշխարհը թեքվում է դեպի Բախ, Բեթհովեն, Հենդել, Կոմիտաս, պետք է ավերել այն ամենը, ինչը ստեղծում է նման բարձրարժեք գործեր: Շատ լավ գիտեք, որ նույն Բախն էլ, Բեթհովենն էլ Եվրոպայում առանձնապես մասսայականություն չեն վայելում: Բոլորը ճանաչում են ամերիկյան վաղամեռիկ աստղ Մայքլ Ջեքսոնին և կիսապորտաբաց, կիսակրծքաբաց, կիսաոտաբաց բոլոր տեսակի աստղերին»,- ասում է Գինոսյանը։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը համոզված է՝ «ազգի պահպանման հիմարար գործոններից են լեզուն, մշակույթը, գրականությունը, պատմությունը։ «Այդ հիմնարար գործոններից յուրաքանչյուրն այսօր շատ ու շատ խոցելի է դարձել,- նկատում է ու հավելում,- մենք ինքներս էլ ենք կեղծում մեր մշակույթըե»։

«Աշխարհի երեսին երկու ուժ չեն հոգնում՝ հայն ու ժամանակը,ժամանակը կործանելով, հայն էլ՝ վերաշինելով»,- Գարեգին Նժդեհի խոսքերն է մեջ բերում Գագիկ Գինոսյանը։ «Իրական Ցեղասպանություններից ոչ մի ազգ չի վերացել, վերանում են քաղաքակրթական ցեղասպանություններից, երբ որ մենք էլ հանձնվում ենք: Պարույր Սևակն ասում էր, որ ազգը մի ձև ունի մահանալու, ինքնասպանությունն է, և առաջին մեղավորը, որ մենք այսպիսին ենք, մենք ենք ու մեր չդիմակայելու վճիռը»։

«Թուրքիան, Ադրբեջանը Հայաստանը տնտեսապես են շրջափակել ու պետք է տգետ լինել, որ չենթադրել՝ նրանք ֆինանսական ներդրումներ են անում հայկական մշակույթը ոչնչացնելու համար»,- ահազանգ է հնչեցնում Գագիկ Գինոսյանն ու հավելում՝ «անհասկանալի մշակույթ կրող երիտասարդներն ասպարեզում ավելի տեղ ունեն, քան Կոմիտասը, Եկմալյանը, Դանիել Երաժիշտը»։

«Թուրքերենից թարգմանված երգերով հայ երեխա չես դաստիարակի, իսկ մենք Կոմիտաս լսում ենք միայն պղծված տարբերակով, ոչ թե իրական Կոմիտաս: Կոմիտաս ոչ մեկը եթե չի հեռարձակում, երբ մի ամբողջ արխիվ կա, Կոմիտասն այն չի, ինչ որ մենք գիտենք, մշակութասեր ժողովուրդը գիտի: Կոմիտասը բազմաշերտ մի մշակույթ է , ունի նաև պարային գրառումներ։ Դրա փոխարեն մենք՝ ինչ որ գիտնականներ, մշակութային գործիչներ «տակից» փորձում են դրանք հանրահռչակել, իսկ համերգասրահներում և հեռուսատեսությամբ բոլորովին այլ պատկեր ենք տեսնում»։

Թե Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը, թե «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը ցավով են նկատում՝ Կոմիտաս հայկական հեռուստաեթերում հնչում է տարին մեկ կամ երկու անգամ՝ ապրիլի 24-ից ապրիլի 24-ը։

 

Կարդացեք նաև
Close
Back to top button