ԿարևորՔաղաքական

«Թուրք ցեղ» հասկացողությանը չհամապատասխանողները Թուրքիայում համարվում են թշնամի

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Եվրոպայի  խաղաղության դեմոկրատական  մեջլիսի անդամներն ապրիլի 24-ին  իրենց հարգանքի տուրքն են մատուցելու ինչպես  1915 թ.  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնպես էլ նրանց ժառանգների ապրելու իրավունքի համար՝ ծաղկեպսակ դնելով  Երևանի  Ծիծեռնակաբերդի  հուշահամալիրի առջև։

«Մեր ցավն ու ամոթն է, որ մինչ օրս լռել ու չենք արձագանքել Ցեղասպանության ժխտմանն ինչպես Թուրքիայում, այնպես էլ ողջ աշխարհում: Ապրիլի 24-ին Եղեռնի հուշարձանի մոտ պիտի պահանջենք  Թուրքիայի Հանրապետության կառավարությունից, որպեսզի ճանաչի  1915 թվականի  ցեղասպանությունը և կրի պատասխանատվության ողջ բեռը։ Մենք պահանջում ենք արդարություն Մեծ եղեռնի բոլոր զոհերի համար»,- հայտարարել են Եվրոպայի խաղաղության դեմոկրատական մեջլիսի անդամները, որոնք արդեն Երևանում են:

«Մենք այստեղ ենք, որպեսզի կիսենք հայ ժողովրդի ցավն ու զորավիգ լինենք նրա արդար դատին: Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այլապես Թուրքիայի ժողովրդավարական հեռանկարը երբևէ իրականություն չի դառնա»,- ասում է կազմակերպության նախագահ, քրդական ազատագրական շարժման անդամ  Ռոժդա Յուլդրըմը։

Եվրոպայի  խաղաղության դեմոկրատական  մեջլիսը հիմնդարվել է 2013-ին՝ Բրյուսելում, ունի ավելի քան մեկ միլիոն անդամ աշխարհի տարբեր երկրներում: Նրանց թվում են՝ քրդեր, լազեր, հույներ, չերքեզներ, ալեվիներ, ասորիներ, հայեր. Թուրքիայի ռասիստական ճնշումներին ու ոչնչացման քաղաքականությանը ենթարկված ու տարիների ընթացքում այս երկրում փոքրամասնություն դարձած ազգերի ներկայացուցիչներ:

Մեջլիսի անդամների ձևակերպմամբ՝ ցեղասպանությունից տուժած ազգերը թուրքական հասարակության մեջ համարվում են «կասկածելի օտարներ»։ Քրդերը դիտվում է որպես Թուրքիայի Հանրապետության  ամբողջականությանը սպառնալիք, իսկ ալեւիները սունի  իսլամի մեջ համարվում է «այլասերում»։ Պատճառները տարբեր են, որպեսզի  «թուրք ցեղ» հասկացողությանը չհամապատասխանողները այս երկրում համարվեն թշնամիներ։

«75 միլիոնանոց Թուրքիայում ալեւիները բնակչության  1/3 են։ 25 միլիոն ալեւի է ապրում այս երկրում, իսկ Եվրոպայում ալեւիների թիվը հասնում է 1.5 միլիոնի: Մենք ճանաչում ու դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը և պահանջում ենք, որպեսզի Թուրքիան ընդունի իր ոճիրը: Նա պետք է կատարի բոլոր այն պահանջները, որոնք կներկայացնեն հայերը որպես փոխհատուցում»,- նշում է Թուրքիայի ալեւի համայնքի ներկայացուցիչ Ալիէքբաֆ Փեկթաշը։

Եվրոպայի  խաղաղության դեմոկրատական  մեջլիսի անդամներն ապրիլի 24-ին  Ծիծեռնակաբերդում իրենց հարգանքի տուրքը կմատուցեն  ինչպես  1915 թ.  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնպես էլ նրանց ժառանգների  ապրելու իրավունքի համար: Թուրքիայի ժողովրդավարական հեռանկարը նրանց պայքարի հիմնական նպատակն է, որը սակայն, ինչպես նշում են, անիրականանալի է, եթե Թուրքիան ի վերջո չառերեսվի սեփական պատմության հետ ու շարունակի ժխտողական քաղաքականությունը։

Back to top button