Քաղաքական

Առկա են Ցեղասպանությունը իրավական դաշտ տեղափոխելու պատմա- իրավական բոլոր հիմքերը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ապրիլյան այս օրերին կրկին քննարկվում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, քաղաքական և իրավական դաշտում գործելու հնարավորությունները: Հարցի շուրջ իրենց դիտարկումներն են այսօր ներկայացրել ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանն ու Արևմտյան Հայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը։

Մեծ եղեռնի միջազգային ճանաչման գործընթացը՝ իր նավաճաումներով և արժեքներով, այլևս փակուղային է և անհրաժեշտ է ձեռնարկել որակապես նոր քայլեր, համոզված է ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը: Ըստ նրա՝ հարցը այսօր վերաձևակերպման կարիք ունի՝ Մեծ Եղեռնի միջազգային ճանաչումից դրա հետևանքների հաղթահարում, որը անպայման նախատեսում է հատուցում և պահանջատիրություն։

Ըստ գիտնականի՝ առկա են բոլոր պատմա- իրավական հիմքերը հարցի լուծումը իրավական դաշտ տեղափոխելու համար: Մարուքյանը պնդեց, որ այս խնդրով ՀՀ-ը պետք է դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան: Անհրաժեշտ ուսումնասիրությունները շարունակելուն և փաստաթղթերը պատրաստելուն կնպաստեն ՀՀ նախագահի դրամաշնորհները, որոնք հատկացվել են  Մեծ Եղեռնի 100- րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարված մրցույթի շրջանակներում: Այս ուղղությամբ աշխատանքները իրականացվելու են  «Օրենքի ուժով» և «Մշակույթ և հասարակություն» ՀԿ- ների միջոցով։ Իրավական հարթությունում, ըստ ԱրմենՄարուքյանի, պետք է անդրադառնալ ոչ միայն հայերի, այլ նաև այլ ազգերի հանդեպ իրականացված ցեղասպանությանը։

Արևմտյան Հայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը իր հերթին նույնպես կարևորեց  Հայոց ցեղասպանության  հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Ըստ գիտնականի՝ ժամանակին թրքահայության խնդիրները թերի են ուսումնասիրված եղել, իսկ առկա գործընթացները ամենայն ուշադրության և համապատասխան հետևությունների կարիք ունեն: Միևնույն ժամանակ՝ նա արձանագրեց, որ ցեղասպանութլունը, ցավոք և 100 տարի անց շարունակվում է։

 

Back to top button