Հասարակություն

Անդրանիկ Զորավարի ձեռագրերը հանձնվեցին հայրենիքին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Զորավար Անդրանիկի ծննդյան 150- ամյակի և Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի նախաշեմին բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը որոշել է իր փոքրիկ ներդրումն ունենալ: Նա Հայաստան է բերել Անդրանիկ Օզանյանի ձեռագրերը, որոնք դեռևս 1921 թվականին զորավարը հրատարակելու նպատակով ուղարկել էր «Ապագա» ամսագրի խմբագիր Հովհաննես Պողոսյանին: Արդեն 1960-ականներին Հովհաննես Պողոսյանը 65 էջանոց ձեռագրերը հանձնել է Համբարձում Կույումջյանին՝ հնարավորության դեպքում Հայաստան փոխանցելու համար: 1988 թվականին սակայն, մահվանից երեք տարի առաջ, Համբարձում Կույումջյանը ձեռագրերը փոխանցում է որդուն` Հրաչ Կույումջյանին:

Զորավարի ձեռագրերը Միացյալ Թագավորությունից տեղափոխվել են Ֆրանսիա, այնուհետև Լիբանան, Հունաստան և կրկին վերադարձվել Մեծ Բրիտանիա։ Բայց այսօր արդեն Հրաչ Կույումջյանի նախաձռնությամբ այդ ձեռագրերը ոչ միայն Հայաստանում են, այլև հանձնվեցին Հայաստանի պատմության թանգարան: Շուրջերկրյա ճանապարհորդությունից հետո ձեռագրերը վերջապես Հայաստան եկան Կույումջյան ամուսինների շնորհիվ, ինչը շատ խորհրդանշական է, ձեռագրերի հանձնման ժամանակ նկատեց մշակույթի փոխնախարար Ներսես Տեր- Վարդանյանը։

Այս մասունքները թանգարանին հանձնելը նաև հորս անվերապահ կամքն էր, որ տարիներ անց վերջապես ի կատար ածվեց, նշեց Հրաչ Կույումջյանը:

 

Back to top button