Միջազգային

Սիրիայում հունիսի 3- ին տեղի կունենան նախագահական ընտրություններ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Սիրիայում հերթական նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 3-ին: Այս որոշումը կայացվել է երկրի խորհրդարանի նիստում այսօր: Գործող նախագահ Բաշար ալ-Ասադի լիազորությունների ժամկետը սպառվում է հուլիսի 17-ին: Չի բացառվում, որ նա կմասնակցի գալիք ընտրություններին և ավելի քան հավանական հաղթանակի պարագայում կստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը երրորդ անգամ։

48-ամյա Բաշար ալ-Ասադը Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնը առաջին անգամ ստանձնեց 2000 թվականին՝ իր հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի մահից հետո, ով երկիրը կառավարեց 29 տարի: 2007 թվականին Բաշար Ասադը երկրորդ անգամ ստացավ սիրիացի ժողովրդի վստահության քվեն։ Ամենայն հավանականությամբ՝ գալիք հունիսին նա երրորդ անգամ կհավակնի երկրի ղեկավարի պաշտոնին: Կրտսեր Ասադի նախագահության 14 տարիներից վերջին երեքը Սիրիայում ընթանում է արյունալի պատերազմ:

2012 թվականին երկրում իրականացվեցին բարեփոխումներ, որոնց արդյունքում քաղաքական համակարգը դարձավ բազմակուսակցական, իսկ հունիսի 3-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում կարող են մասնակցել մեկից ավելի թեկանածուներ: Միևնույն ժամանակ՝ կան օրենսդրական սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են արտերկրում գործող սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությանը, այսօր կայացած մամուլի ասուլիսում նկատեց արաբագետ Հայկ Քոչարյանը։

Եթե հաշվի առնենք, որ Սիրիայում ընդդիմությունը փաստացի չի գործել 41 տարի, ապա պարզ է դառնում, որ այն զրկված է գալիք ընտություններին լիարժեք մասնակցելու հնարավորությունից: Դրանով իսկ պայմանավորված է ընդդիմադիրների որոշումը ՝ բոյկոտել ընտրությունները: Բացի դրանից՝ ներկայում ընթացող պատերազմի պայմաններում ևս դժվար կլինի ընտրությունների անցկացումը: Ըստ փորձագետի՝ երկրի առկա բնայչության մոտ մեկ երրորդը այսօր զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներում է:

Ինչևիցե՝ այսօր սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը: Գրեթե կասկած չկա, որ գործող նախագահը ևս կառաջադրվի: Սակայն հարցականի տակ է քվեարկությանը փախստական սիրիացիների մասնակցությունը։ Հայկ Քոչարյանը նկատեց, որ ներկա ռազմական գործողություններում ավելի հաջողակ են կառավարական զորքերը, ինչը ևս խոսում է Բաշար Ասադի օգտին:

Back to top button