Քաղաքական

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը բանավեճ է հարուցել

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Նախագահին առընթեր մասնագիտական հանձաժողովն ապրիլի 10-ին հրապարակեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: 45 էջանոց փաստաթուղթը հանձնաժողովի մոտ վեցամսյա գործունեության արդյունքն է: Հայեցակարգի նախագիծն առայժմ նախնական է, այն վերջնական տեսքի կբերվի մինչև հուլիսի 10-ը, որից հետո կմտնի հանրային ու մասնագիտական քննարկումների փուլ: Քաղաքական ուժերը դեռևս հստակ ու ամբողջական դիրքորոշումներ չեն ներկայացրել հայեցակարգի վերաբերյալ: Առայժմ հայտնի է, որ նախագիծն ընդդիմադիր դաշտում արժանացել է ՀՅԴ հավանությանը, ԲՀԿ-ի դեմ, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» դեռևս ձեռնպահ վերաբերմունքին: Իսկ ահա խորհրդարանական մեծամասնությունը աներկբա կարծում է, որ առաջադեմ նախագիծ է սեղանին դրել: 

Հայեցակարգը, որ վերջերս ներկայացրեց նախագահին կից սահամանդրական բարեփոխումների հանձնաժողովը, առայժմ մասնագիտական լուրջ ու համակողմանի քննարկումների չի արժանացել: Եղել են ընդհանուր գնահատումներ, և կա ակնկալիք, որ մասնագիտական լուրջ քննարկումները դեռևս առջևում են: Ներկայացված 45 էջանոց փաստաթուղթն առայժմ հայեցակարգի նախնական տարբերակն է, այն վերջնական տեսք կստանա մինչև հուլիսի 10-ը: Դրանից հետո մոտ 10 ամիս էլ նախատեսվում է տրամադրել բուն փոփոխությունների փաթեթի մշակմանը:

Իշխանությունները ծրագրում են սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացնել 2015 թվականին, ամենաուշը ՝ 2016-ի սկզբին: Հայեցակարգի նախագծում բավականին արմատական փոփոխություններ են առաջարկվում. օրինակ, կառավարման համակարգում առկա խնդիրների լուծումը, ըստ մասնագետների, անցումն է կառավարման խորհրդարանական մոդելին: Ընտրական համակարգի դեպքում նպատակահարամար է համարվում 100 տոկոսանոց համամասնական համակարգը, իսկ ահա դատական ոլորտում առաջարկվում է գործող եռաստիճան համակարգը փոխարինել երկաստիճանով։

Հանձնաժողովի անդամներից հանրապետական Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ներկայացված նախագծի լավագույն բնորոշումն այն է, որ այն հրապարակման պահից բանավեճ է առաջացրել։ «Փաթեթում կան հետաքրքիր վերլուծություններ, վիճելի դրույթներ, և հենց դա է լավ : Որովհետև եթե այն լիներ այնպիսին, որ քննարկում, բանավեճ չառաջացներ, արժեքավոր չէր լինի: Այսօր այդ փաթեթն անմիջապես առաջացնում է բանավիճելու, հարցեր ուղղելու ցանկույթյուն»:

Հայեցակարգով առաջարկվող լուծումների մի մասի վերաբերյալ Դավիթ Հարությունյանը լուրջ վերապահումներ ունի, ավելին՝ կան հարցեր, որոնցում այդ վերապահումներն անհամաձայնություն են: Հանրապետական գործիչը, օրինակ, կարծում է, որ նախագահական մոդելը Հայաստանում դեռևս իրեն չի սպառել: Բայց այս փուլում, անկախ վերապահումներից ու մոտեցումների տարբերությունից, համոզված է, որ կարևորը քննարկումներն են։ «Այնպես չէ, որ ՀՀԿ-ն ունի մի դիրքորոշում, որը կապ չունի հայեցակարգում գրվածի հետ: Հայեցակարգը կքննարկվի, բազմակողմանի կվերլուծվի, որից հետո կուսակցությունը կհայտնի, թե որն է համարում ավելի նախընտրելի մոդել»։

Վերջնական դիրքորոշումը թերևս քննարկումների փուլից հետո կհսատակեցնի նաև ԲՀԿ-ն, բայց որպես առաջին կամ նախնական դիրքրոշում  «Բարգավաճ Հայաստանը» դեմ է արտահայտվել բարեփոխումներին: ԲՀԿ առաջնորդը իր վերջին հարցազրույցում նշել էր, որ այս փուլում երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է: Հետևաբար՝ բոլոր ջանքերը պետք է ներդրվեն տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ, այլ ոչ թե շեղվեն՝ մտնելով խնդրահարույց և բարդ քննարկումների դաշտ։

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերից միայն Դաշնակցությունն է ողջունում սեղանին դրված բարեփոխումների փաթեթը: ՀՅԴ-ն կարծում է, որ հանձնաժողովը ճիշտ ուղղությամբ է գնացել, ձևակերպել է, թե ինչ խնդիրներ կան Հայաստանում և ինչ է պետք անել դրանք լուծելու համար: Այս առումով ՀՅԴ-ն, ինչպես Արծվիկ Մինասյանն է ասում, չի հասկանում ԲՀԿ-ի մոտեցումը: «Մեր քաղաքական ուժը միանշանակ ողջունեց թե նախագահի հայտարարությունը, թե սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այս առումով մեզ համար զարմանալի է, որ առանձին քաղաքական ուժեր պահի ազդեցությամբ մերժում են ներկայացված փաթեթը»:

Իսկ ՀՅԴ-ն զարմանում է, քանի որ չի հասկանում թե ուրիշ ինչպես, եթե ոչ սահմանադրական փոփոխություններով պետք է լուծվեն համակարգային մի ամբողջ շարք խնդիրներ, որոնց մասին տարիներ շարունակ խոսում են ընդդիմադիր ուժերը։ «Օրինակ՝ բոլորն ընդունում են հակամենաշնորհային քաղաքականության անհրաժեշտությունը, բայց չէ՞ որ սա պետք է Սահմանադրությամբ ամրագրել: Այսօրվա Սահմանադրությամբ տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգ է դրված: Կամ՝ ընտարական համակարգի ցանկացած փոփոխություն ևս Սահմանադրությամբ պետք է արվի: Սրանք համակարգային փոփոխություններ են, և մենք ակտիվորեն ներգարվվելու են քննարկումների մեջ»:

Դե իսկ ոչ իշխանական քառյակի մյուս՝ Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» թևից ոչ թե կողմ կամ դեմ դիրքորոշման, այլ առայժմ տարակուսանքի գնահատականներ են հնչում, թե ինչու հենց այս փուլում շրջանառության մեջ դրվեց բարեփոխումների նախագիծը: Երկու ուժերի ներկայացուցիչներն էլ նշում են, որ թեև կողմ են խորհրդարանական համակարգին անցնելուն, բայց նախագիծն այս փուլում ներկայացնելը հարցեր է առաջացել։

 

Back to top button