ԿարևորՔաղաքական

Իրականացվել են ՄՄ և ՄՏԳ Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի գրեթե բոլոր կետերը, Մինսկում հայտարարել է Էդ. Նալբանդյանը

Ապրիլի 21-ին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Մինսկ: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ողջունելով նախարար Նալբանդյանին` նախագահ Լուկաշենկոն գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկայով, ինչպես նաև ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ օրակարգում առկա արդիական հարցերի քննարկման, մտքերի փոխանակման համար:

Բելառուսի նախագահը, ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների ջերմ, բարեկամական ու գործընկերային բնույթը, գոհունակությամբ նշեց, որ թեև երկու երկրների միջև առկա չէ հսկայական ապրանքաշրջանառություն, այնուամենայնիվ զարգացման տեմպերը գոհացնող են, իրականացվել է մեծ աշխատանք տնտեսական կապերի ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց նաև, որ անհրաժեշտ է կանգ չառնել ձեռքբերվածի վրա և զարգացնել հաջողությունները: «Մենք հսկայական ապրանքաշրջանառություն չունենք: Բայց հաշվի առնելով, որ զրոյական ցուցանիշ ենք ունեցել, այսօր արդեն կարող ենք մեծ առաջընթացի մասին խոսել»,-ասաց Բելառուսի նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բելառուսի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի ջերմ ողջույնները և նշեց, որ նախագահ Լուկաշենկոյի՝ անցյալ տարվա մայիսին Հայաստան կատարած այցելությունը և նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր խթան հանդիսացան երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, որոնք իրապես շատ ակտիվ և դինամիկ են:

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ նաև միջկառավարական, միջխորհրդարանական, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովների աշխատանքներին՝ ընգծելով այդ ձևաչափերով փոխգործակցության կարևորությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման՝ շուրջ 23% աճի կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ բելառուս գործընկերների հետ միասին կշարունակվեն ակտիվ աշխատանքներն՝ ուղղված այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:

Անդրադառնալով Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցությանը` նախարար Նալբանդյանը նշեց, որ իրականացված են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված գրեթե բոլոր կետերը:

Նախագահ Լուկաշնեկոն խնդրեց իր ջերմ ողջյունները փոխանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ էր։ Հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձան Հայաստանի և Բելառուսի միջև քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային, գիտական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Զրուցակիցները քննարկեցին արտգործնախարարությունների միջև խորհրդավությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին:
Էդվարդ Նալբանդյանն ու Վլադիմիր Մակեյը անդրադարձան միջխորհրդարանական համագործակցությանը, քննարկեցին Հայաստանի և Բելառուսի մարզերի միջև փոխգործակցության զարգացման հարցեր՝ գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի գրեթե բոլոր մարզերը համագործակցում են Բելառուսի տարբեր շրջանների հետ:
Նախարարները ընգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը խնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման նպատակով ձեռնարկվող ջանքերի շուրջ։

Հանդիպումից հետո Հայաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2014-2015 թթ. խորդակցությունների ծրագիրը:

Ստորագրման արարողությանը հետևեց Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների ճեպազրույցը լրագրողների հետ:

Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Մինսկի Հաղթանակի հրապարակ և ծաղկեպսակ դրեց Հաղթանակի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին:

Back to top button