Հասարակություն

Ապաշխարություն. յոթ տարում՝ մեկ պաշտոնյա

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ապաշխարության խորհուրդը սահմանել է Ինքը՝ Հիսուս Քրիստոսը: Ապաշխարություն նշանակում է ապա-աշխարել, հետո լալ, ողբալ, կոծել, մի խոսքով` կատարած մեղքերի համար զղջալ և գործած չարիքի դիմաց սեփական անձը պատժել: Ապաշխարության խորհրդի ժամանակ հավատացյալը սրտի անկեղծ զղջումով խոստովանում է իր մեղքերը հոգևորականի առջև և նրա միջնորդությամբ անտեսանելիորեն թողություն ստանում մեղքերից անմիջապես Հիսուս Քրիստոսից:

Ապաշխարության խորհրդով թողություն է տրվում մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերին` թե ներելի, թե մահացու: Ապաշխարություն կատարվում է պարբերաբար` հավատացյալի ողջ կյանքի ընթացքում, քանի որ մարդն իր բնությամբ տկար է և մշտապես ենթակա մեղանչումի: Ապաշխարության խորհրդակատարն օծյալ հոգևորականն է:

Թե որքանով է մեզանում ընդունված ապաշխարելու մշակույթը, «Ռադիոլուրը» հետաքրքրվեց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանից: Քահանան փաստեց, որ թեև ոչ շատ հաճախ, բայց ապաշխարելու մշակույթը մեզանում պահպանվել է: Խոստովանության գալիս են ողջ տարվա ընթացքում, բայց ապաշխարության համար ամենից շատ ընդունված է Պահքի շրջանը, ասում է Տեր Շմավոնը։

Ապաշխարության խորհրդի պայմանները երեքն են՝ առաջինը անկեղծ, ճշմարիտ և գիտակից զղջումն է գործած մեղքերի համար, երկրորդը խոստովանությունն է՝ գործած մեղքի ընդունումը, խոստովանությամբ մեղավորը ստանում է մեղքերի թողություն, երրորդ պայմանը հատուցումն է կամ կրած պատիժը, որը եկեղեցին սահմանում է հանցանքների ծանրությանը համապատասխան՝ հոգեպես վերաշինվելու համար։

Թե հիմնականում ովքեր են գնում խոստովանության և ինչ հաճախականությամբ, քահանան պատասխանեց, որ տարիներ առաջվա համեմատ այժմ ավելի հաճախ են հավատացյալները գնում եկեղեցի ապաշխարության։ «Ռադիոլուրը» հետաքրքրվեց նաև, թե որքանով են հայ պաշտոնյաները մտահոգված իրենց մեղքերից, ինչին ի պատասխան Տեր Շմավոնը ժպիտով արձագանքեց. «Յոթ տարվա մեջ միայն մեկ պաշտոնյա է եկել։ Այն էլ իմ ընկերն է եղել, դրա համար է եկել»։

Կարդացեք նաև
Close
Back to top button