Քաղաքական

Ադրբեջանը ԵԽ- ում իր նախագահությունն օգտագործելու է Հայաստանի դեմ. Հայաստանը պատրաստվում է հակագրոհի

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Չի բացառվում, որ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանի օրակարգ մտնի Հայաստանին առնչվող մի հարց, այն էլ Ադրբեջանի նախաձեռնությամբ: Խոսքը` Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի մասին է: Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշում են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Նշում են, որ այդ բնակավայրերի ոռոգումը տարիներ շարունակ կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս ամառվա ամիսներին դադարեցվում է, իսկ ձմեռը հայկական կողմը դիտավորյալ բացում է ջրամբարը` հեղեղելով ադրբեջանական գյուղերը։

Ի դեպ` ձեւակերպումներում օգտագործվում է նաեւ «օկուպացված տարածքներ» բառակապակցությունը։ Ադրբեջանցիների արդեն ընթացք ստացած նախաձեռնությունը, իհարկե, որոշ չափով ձեռնտու չէ Հայաստանին, բայց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը լրջորեն պատրաստվում է հակահարվածի։ «Հայկական պատվիրակությունը հակընդդեմ առաջարկով հանդես կգա`ադրբեջանական հենակետերից Տավուշի, Նոյեմբերյանի շրջանների հետեւողական ռմբակոծությունների մասին, որի հետեւանքով սահմանամերձ գյուղերի բնակիչները չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով: Այնպես որ մենք մեր փաստարկներն ունենք»,- «Ռադիոլուրին» ասում է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Ի դեպ` սա առաջին անգամը չէ, որ ադրբեջանցիները միջազգային ատյաններում ու նաև ԵԽԽՎ-ում բարձրացնում են հարցը։ Սակայն մինչ այսօր նախաձեռնությունը միջազգային կառույցների կողմից ընդունվել է «ի գիտություն» ձեւակերպմամբ: Այս անգամ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի նախաձեռնությանը։ Նշանակվելու է զեկուցող, ով պետք է պատրաստի համապատասխան զեկույց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ։

Նշենք, որ նախաձեռնության տակ ստորագրել է ԵԽԽՎ 27 պատգամավոր: Որոշ վերլուծությունների համաձայն սա ԵԽԽՎ նստաշրջանում Ղրիմի հետ կապված թեժ քննարկումներում Հայաստանի պատվիրակության դիրքորոշման հետեւանքն է: «Ես չեմ ցանկանում հիմա դա վերլուծել: Այդտեղ կարող է եւ ճշմարտության հատիկ լինել: Ես չեմ բացառում, որ կարող է պատճառներից մեկը լինել նաեւ դա, բայց նաեւ պետք է ընդունենք, որ ադրբեջանցիները, ցավոք սրտի, կարող են իրենց ֆինանսական լծակները օգտագործելով միջազգային կառույցներում իրենց շահերը առաջ քաշել, դա այդպես է»,- նկատում է պատգամավորը։

Հայաստանի համար մեկ այլ խնդիր կարող է դառնալ նաեւ հունիսից Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում: Այս առիթով Նաիրա Զոհրաբյանը նամակ է հղել ԵԽ գլխավոր քարտուղարին: Հայ խորհրդարանականը նշել է, որ Ադրբեջանի նախագահը որոշել է գնալ հակազդման ճանապարհով՝ պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է սկզբունքով՝ հայտարարելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության լիազորությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին:

Նախագահությունը ստանձնելիս, ընթացակարգի համաձայն, ելույթ կունենան Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը եւ այժմ արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ շեշտադրումներ են լինելու:«Նրա անհեթեթ նախաձեռնությունը` կասեցնել հայկական պատվիրակության լիազորությունները, լուրջ մեսիջ է եւ վտանգ է միջազգային հանրությանը, որ նման երկրի ուղղակի չպետք է թողնել նախագահել միջազգային կառույցներում: Մի երկիր, որտեղ 40-ից ավելի լրագրողների հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում, մի երկիր, որտեղ աբսուրդ է խոսել ժողովրդավարության, խոսքի ազատության եւ ընդհանրապես որեւէ իրավունքի հարգման մասին, այդ երկիրը պետք է դառնա 47 երկրների նախագահող 6 ամիս շարունակ»։

Նաիրա Զոհրաբյանը եվրոպացի ԵԽ գլխավոր քարտողարին ուղղած մեկ այլ նամակում նրա ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի խնդրի վրա։ «Ադրբեջանը ստանձնել է ռազմագերիների եւ գերիների վերաբերյալ Ժնեւյան կոնվենցիայի պարտավորությունը, եւ Ադրբեջանը` լինելով ԵԽ անդամ երկիր, խախտում է իր իսկ ստորագրած պայմանագրերը: Կոպտագույն խախտում էր Հակոբ Ինջիղուլյանի` ադրբեջանական բանակի համազգեստ հագցնելը, նրան հոգեբանական եւ չեմ բացառում նաեւ ֆիզիկական բռնության տակ տարբեր կասկածելի շեշտադրումներով հարցազրույցներ տալ պարտադրելը եւ համառորեն  Հայաստան կամ գոնե երրորդ երկիր արտահանձնելուց հրաժարվելը։ Ես հույս ունեմ, որ Յագլանդը, ով բավականին մեծ հեղինակություն ունեցող անձնավորություն է Եվրոպայում, անպայման կընդառաջի իմ նամակին եւ կբարձրացնի այդ հարցը Ալիեւի հետ հանդիպման ժամանակ»,- նկատում է Նաիրա Զոհրաբյանը։

Back to top button