Քաղաքական

Գագիկ Մելիքյանը՝ պատգամավոր

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության կազմում կրկին փոփոխություն կկատարվի:
Դավիթ Հարությունյանը Նախագահ Սերժ Սարգսյանի` այսօրվա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Հետևաբար՝ վաղաժամկետ կդադարեն պատգամավորի լիազորությունները:
Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 12-րդ հոդվածի «գ.1» կետի համաձայն` ԱԺ պատգանավորի լիազորությունները դադարում են, եթե նա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առևտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում: Համապատասխան փաստաթղթերի հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն և հնգօրյա ժամկետում ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Դ.Հարությունյանը պատգամավոր է ընտրվել 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ համամասնական ընտրակարգով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ, այդ մասին  հանձնաժողովին իրազեկելուց հետո, մեկշաբաթյա ժամկետում տրվում է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:
Այս պահին ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն նախորդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանն է:
Դ.Հարությունյանի՝ գործադիր մարմին աշխատանքի անցնելով խորհրդարանում սպասվում են նաև այլ փոփոխություններ, հաշվի առնելով այն, որ Դ.Հարությունյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, նաև՝  Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահը:
Բացի այդ՝ Դ.Հարությունյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության բազմամյա ղեկավարն է: Հայտնում է «Փաստինֆո»-ն:
Back to top button