ԿարևորՀասարակություն

Այսօր երեկոյան ճրագալույցի պատարագով ու Հիսուսի Հարության ավետիսով կավարտվի Մեծ Պահքը

Հայ առաքելական սուրբ եկեղեցին ապրիլի 19-ին նշում է Ավագ շաբաթը: «Շաբաթ օրը Տերը Մարմնով մնաց գերեզմանում, իսկ Հոգով իջավ դժոխք և ազատագրեց արդար ննջեցյալների հոգիները։ Դժոխքի ավերման ուրախալի հիշատակությունը վերաճում է Քրիստոսի հրաշափառ հարության կանխաճաշակման։
Շաբաթ երեկոյան կատարվում է  Ճրագալույցի Ս. Պատարագ (սկիզբը ժ. 18.00-ին), երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը և վերջանում Մեծ Պահքը: Ս. Պատարագից հետո կատարվում է Ս. Հարության նախատոնակ, և բոլորը ցնծագին ողջունում են միմյանց՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»»։
Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ժամը 17:30-ի երեկոյան ժամերգությանը կհաջորդի Ճրագալույցի Սուրբ Պատարագը` պատարագիչն է Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ապրիլի 20-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցիներում կմատուցվի պատարագ` հիշատակ է Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության:  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամը կուղղի համայն հայ ժողովրդին:
Ավագ շաբաթվա երեկոն հայկական ընտանիքներում տոն է` միմյանց ավետում են Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը: Ճրագալույցի երեկոյին ու հաջորդ օրը` Զատկի տոնին, ընդունված է սեղանին բրնձով փլավ ունենալ. սպիտակ բրինձը խորհրդանշում է քրիստոնյաներին, որոնք Քրիստոսի արյամբ մաքրվել են, իսկ չամիչը խորհրդանշում է եկեղեցու սրբերին, ովքեր իրենց մարտիրոսությամբ և նվիրումով քաղցրացնում են եկեղեցին: Կանաչեղենն ու ձկնեղենը եւս տոնի ուտեստների անբաժանելի մասն են: Պարտադիր է կարմիր ձուն ու կարմիր գինին: Եկեղեցականների մեկնությամբ` ձվի կեղեւը տիեզերքն է, թաղանթը` օդը, սպիտակուցը` ջրերը, դեղնուցը` երկիրը, իսկ վրայի կարմիր գույնը խորհրդանշում է, որ ամբողջ տիեզերքը փրկվել է Քրիստոսի արյամբ:

Back to top button