Հասարակություն

ԱՄՆ սենատն այս անգամ ևս չի ընդունի Հայոց ցեղասպանությանը վերաբերվող բանաձևը, համոզված է Հրանտ Դինքի ընկերը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մեծ Եղեռնի տարելիցի նախօրեին քաղաքական և հասարակական շրջւանակներում անդրադառնում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հարցերին: Խնդրի իրավական և հասարակական կողմերին այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել են «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոսացիա» ՀԿ նախագահ՝ Խաչատուր Մարոզյանը և պոլսահայ լրագրող, Հրանտ Դինքի ընկեր՝ Տիրան Լոքմագյոզյանը:

Արդեն հաջորդ տարի կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մարդկության դեմ այդ ոճրագործության նախաձեռնող և իրականացնող Օսմանյան Թուրքիայի փլատակներին հռչակված ներկայիս թուրքական հանրապետությունը թեպետ իրեն չի հռչակել կայսրության իրավահաջորդ, այնուամենայնիվ հերքում է ցեղասպանության փաստը և փորձում է խոչընդոտել դրա միջազգային ճանաչման գործընթացին: Ներկա աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին նպատակահարմար է նաև հասնել Մեծ Եղեռնի իրավական ճանաչմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, համոզված է «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոսացիա» ՀԿ նախագահ՝ Խաչատուր Մարոզյանը:

Թուրքիան հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, դրանով փորձելով խուսափել հողերի վերադարձից և նյութական փոխհատուցման թանկ զարգացումներից, նկատեց «Ակոս» թերթի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկեր՝ Տիրան Լոքմագյոզյանը: Պոլսահայ լրագրողը համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ սենատը այս անգամ ևս չի ընդունի Հայոց ցեղասպանությանը վերաբերվող բանաձևը, որն արդեն հաստատվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Ըստ նրա, ավելի հավական է նման փաստաթղթի ընդունումը հաջորդ տարի: Առկա պայմաններում ամերիկյան քաղաքական շահերին բանաձևը հակասում է:

Հայատյաց տրամադրությունները մշտապես շահարկվում են թուրքական ներքաղաքական ասպարեզում, անկախ նրանից թե որ քաղաքական գործիչն է կամ կուսակցությունն է իշխանության ղեկի մոտ, փաստեց Տիրան Լոքմագյոզյանը: Ըստ նրա, հայերը Թուրքիայում գտնվում են կիսապատանդի կարգավիճակում, թեպետ ձևականորեն ներկայացվում է բարեհամբյուր վերաբերմունքը:

Back to top button