Հասարակություն

Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու գմբեթին վեր խոյացավ օծված խաչը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի առաջարկությամբ 1983 թվականից ապրիլի 18-ը նշվում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է տալիս մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Հուշարձանների միջազգային օրվան ընդառաջ՝ ապրիլի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել էր լրագորղների այց Լոռու մարզի Օձուն եկեղեցական համալիր, Քոբայրի վանական համալիր և «Լոռի բերդ» քաղքատեղի: Ընտրված երեք հուշարձաններն էլ գտնվում են վերականգնման փուլում:

Լոռու մարզի Օձուն եկեղեցական համալիր, Քոբայրի վանական համալիր և «Լոռի բերդ» քաղաքատեղի. լրագորղների այցի համար ընտրված այս երեք հուշարձանները վերականգնվում են տարբեր ձևաչափերով: Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվում են մշակույթի նախարարաության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով: Պետություն-մասնավոր հատված համագորածկցությամբ 2012-ից մեկնարկած վերականգնման աշխատանքների ընթացքում վիճահարույց դարձավ եկեղեցու գմբեթը՝ այն վերականգնել քարե ծածկասալով, թե կղմինդրե սալիկներով: Նախագիծը մի քանի անգամ վերանայելուց հետո եկեղեցու գմբեթը վերականգնվեց քարե ծածկասալով: Գմբեթին երեկ վեր խոյացավ նաև օծված խաչը:

Արտաքին սյունաշարով սրահի վերականգնումն այս փուլում նախատեսված չէ, բայց դա կարևորում է ոչ միայն նախագծի հեղինակը, այլև Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Վերականգնման աշխատանքներ են իրականացվում նաև Քոբայրավանքում, որը հայոց քաղկեդոնական շրջանի հոգևոր-պաշտամունքային կարևորագույն հուշարձաններից մեկն է: Վերականգնումն այս դեպքում իրականացվում է միջազգային համագոծակցության ձևաչափով: Իտալիայի արտաքին գործերի և Հայաստանի մշակույթի նախարարությունների միջև կնքված կրթամշակութային ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցներով վերականգնվող Քոբայրավանքի վեականգնման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են նաև իտալացի մասնագետներ: Մասնավորապես՝ անցկացվել են որմնանակարների, քարի նյութերի վերականգնման, ինպես նաև շինհրապարակի ղեկավարների վերապատրաստմանն ուղղված վարպետության դասընթացներ:

Լոռի բերդը պետական միջոցներով վերականգնվող աշխարհիկ կառույցի օրինակ է: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2010-ին ստեղծվեց «Լոռի բերդ» քաղաքատեղի արգելոց-թանգարանը, ինչը հնարավորինս անաղարտ է պահում հուշարձանախումբն ու ապահովում դրա նպատակային օգտագործումը: 2012-13 թվականերին կատարվել են հուշարձանի պեղման, նախագծման, ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքներ: Վերոնշյալ երեք ծրագրերն էլ շարունակական բնույթ են կրում, ուստի՝ որքան կարժենան հուշարձանների վերականգնման աշխատանքները, հարցին մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը դժվարությամբ է պատասխանում: Նրա տեղեկություններով Լոռի բերդում մինչ օրս իրականացված աշխատանքներին տրամադրվել է 50 միլիոն դրամ.«220 միլիոն Օձունին է տրամադրվել, Քոբայրում 2006- ից մինչ օրս ծախսվել է 140 միլիոն դրամ»:

«Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա» շրաջանակներում Երևանում, հանրապետության մարզերում ու ԼՂ-ում կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ, իսկ վաղը ՝ ապրիլի 19-ին մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը կկազմակերպի «Գարունը Գառնիում» խորագիրը կրող շաբաթօրյակ: Արգելոց թանգարանի տարածքի բարեկագմանն ուղղված իրենց ջանքերը կարող են միավորել բոլոր ցանկացողները:

Back to top button