Հասարակություն

Քաշաթաղի հնագիտական հրաշքը սկսվում է բացահայտվել

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Հուշարձանների  և տեսարժան վայրերի պահպանության օրը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Արցախի Զբոսաշրջության և պատմական միջավայրի  պահպանության վարչությունը՝ ուշադրություն  հրավիրելով մեր հայրենքի այն հատվածի հուշարձաններ վրա, որոնք մինչև վերջին երկու տասնամյակը մոռացության էին մատնված  և հիշատակվում էին անցյալ դարերի ուսումնասիրողներից մի քանիսի գործերում միայն: Ստեփանակերտում այսօր բացված ցուցահանդեսում ներկայացվել են  Քաշաթաղի շրջանում վերիջին տարիներին կատարված հնագիտական պեղումների արդյունքների մի մասը և  շրջանի տարածքում գտնվող հուշարձանների լուսանկարները: Քաշաթաղի բնակիչ Զորայր Ըռքոյանը արդեն երկար տարիներ լուսանկարում է  պատմական հուշարձանները և այդպես  հանրության առջև բացում   հայրենիքի վերագտնված  հատված տանող ճանապարհը։

Հնագետ Արտակ Գնունին Քաշաթաղի ճակատագիրը պատմական հետազոտությունների տեսանկյունից դժբախտ է համարում:  Ադրբեջանցիները փակ էին դրել ոչ միայն հայ միջնադարյան հուշարձանների վրա՝ ավերելով դրանք, այլև  մոռացության գիրկն էին ուղարկել հնագույն ժամանակների վկայությունները: Տարածքի ազատագրումը հնարավորություն տվեց վեր հանել  Քաշաթաղ անունով հրաշքը:

Ժայռափոր եկեղեցիներ, կիսավեր ամրոցներ, բնակատեղիներ, բազում խաչքարեր, մատուռներ, կամուրջներ: Շատ հուշարձաններ նույնիսկ տեղորոշված չեն, առաջին անգամ են ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում հայտնվում, ասում է պատմաբան Սլավա Սարգսյանը:

Քաշաթաղի շրջանը  զարմանահրաշ գանձեր ու հիացմունք պարգևելու բավականին մեծ   պահոց ունի, որը դեռ սպասում է իր հետազոտողին, ասում են հնագետներն ու պատմաբանները, ովքեր  տարածքի առաջին հետազոտողներից են: Այսօր խնդիրը ոչ միայն Քաշաթաղում, այլև մյուս ազատագրված տարածքներում   մեր պատմության իրական վկանների ցուցմունքները  հանրային սեփականություն դարձնելն է, այլև այդ վկանների պահպանությունը: Շատ հուշարձաններ ոչ միայն դարերի անողոք հետքերն են կրում, այլև գերության՝ դրանք միտումանվոր կերպով քանդված են կամ պայթեցված, խաչքարերի ու տապանաքարերի   մի մասը օգտագործվել է որպես շինանյութ։

Back to top button