Քաղաքական

Վարդան Բոստանջյան.«Ռեսուրսներով ոչ հարուստ երկիրը պետք է կարողանա մարդկային կապիտալը օգտագործել»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Բարոյահոգեբանական առումով Հայաստանում ճգնաժամային վիճակ է եւ այն առաջնային պետք է հաղթահարել: Սա տնտեսագետ Վարդան Բոստանջյանի գնահատականն է: «Հարց է, թե նորանշանակ վարչապետն ինչ կարող է անել, որ այս տխուր իրավիճակից դուրս գանք»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ձեւակերպել է Վարդան Բոստանջյանը` կարծիք հայտնելով, որ աշխատանքներն առավել ուղղորդված, նպատակային ու ավելի արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտություն կա: Տնտեսագետի կարծիքով` բոլոր արատները, որոնք կան մեր երկրում տնտեսական քաղաքականության հետեւանքն են, հետեւաբար` այն կտրականապես պետք է փոխվի:

Գործը հեշտ չէ, քանի որ վիճակը հասունացել է տարիների ընթացքում` ասում է Վարդան Բոստանջյանը` նկատելով, թե հասարակության մոտ կորել է հավատն ու վստահությունը:

«Զարգացումները դեռեւս շարունակվում են` արտագաղթի տեմպերը, աղքատության մակարդակը, աշխատատեղերի բացակայությունը, գործազրկությունը, ցածր եկամուտները – էս բոլորը չասենք, որ այսօր կանգնած են. Դրանք դեռեւս շարունակվում են եւ հասել ենք մի աստիճանի, երբ քաղաքացին պարզապես չի ուզում ապրել իր տանը: Սա ամենավտանգավոր եւ ամենաահավոր պահն է»:

Այս իրականության շտկման համար բավարար մոտեցումներ են անհրաժեշտ: Վարդան Բոստանջյանը խնդիրը բոլորինն է համարում եւ առաջին հերթին` նոր կառավարությանը, ասում է, թե անհնարին բան չկա: Տնտեսագետը չի հավակնում, թե լավագույնն է ասելու, սակայն որոշ հարցերի շուրջ մտածել է, մասնավորապես` կարծում է, որ կառավարությունը կառուցվածքային փոփոխությունների պետք է ենթարկվի: Ամենակարեւորն էլ, ըստ Բոստանջյանի, ռեսուրսներով ոչ հարուստ երկիրը պետք է կարողանա մարդկային կապիտալը օգտագործել, իսկ որ այդ ներուժը Հայաստանն ունի` Բոստանջյանը չի կասկածում:

Արձագանքելով հարցին, թե որքանով կարող են հաջող լինել այսուհետ ՀՀԿ-ի քայլերը, երբ այլեւս միայնակ է մնացել` Բոստանջյանը շեշտեց, որ անհնարին ոչինչ չկա եւ քաղաքական կամքի պարագայում ոչինչ բացառված չէ: Կառավարման համակարգային մոտեցում, երբ ամեն մեկը գիտե իր տեղն ու անելիքը – սա է Բոստանջյանի առաջարկած բանաձեւը, որի պարագայում, նրա համոզմամբ, հնարավոր է հասնել հաջողության: «Այնպես որ, այսօր կոալիցիա կա, թե չկա, դա ոչ մի նշանակություն չունի»,-եզրակացրեց Վարդան Բոստանջյանը: Նորանշանակ վարչապետին էլ Բոստանջյանը բնութագրեց որպես աշխատող, խիստ մտածող մարդ, ով ունի մեծ հնարավորություններ` ցանկացած զարգացում ուղղորդելու դեպի լավ ուղղությամբ: Հակադարձելով լրագրողներից մեկի հարցին էլ` բանախոսն ասաց, թե ինքը ոչ թե գովաբանեց, այլ` բնութագրեց նորանշանակ վարչապետին:

Արձագանքելով հարցին էլ, թե ինչ առավելություն ունի Հովիկ Աբրահամյանը, որ չուներ Տիգրան Սարգսյանը` Վարդան Բոստանջյանը նախ ասաց, որ էքսպերտ չէ նման համեմատություն անելու համար, ապա` հորդորեց խնդիրը չդարձնել երկու անձերի քննարկման առարկա: Մեկ այլ հարցի առթիվ էլ` ավելի կոնկրետ հարցին, թե այն ինչ չհաջողվեց Տիգրան Սարգսյանին, ինչու պետք է հաջողվի Հովիկ Աբրահամյանին` տնտեսագետը նախ այսպիսի եզրահանգում կատարեց:

Հովիկ Աբրահամյանն իր տեսակով այն մարդն է, որ չթողես էլ, ինքը պիտի աշխատի ինչ-որ մի բան անել` այս համոզմունքով իր խոսքը եզրափակեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Back to top button