Պատմամշակութային եւ բնական հուշարձանների պահպանության հարցերը փոխկապված են


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Արդեն 30 տարի է ապրիլի 18-ին ամբողջ աշխարհում նշվում է հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրը: Հուշարաձանների պահպանությունը ոչ միայն պետության խնդիրն է: Գիտակցելով դրա կարևորությունը՝ մի խումբ երիտասրադներ միավորվել են «Հայոց թանգարան» նախաձեռնության ներքո և գիտահետազոտական արշավների շրջանակներում ուսումնասիրում են մեր երկրի պատմամշակութային հուշարձանների առկա վիճակը: Արդեն առաջին ծանոթությունները հուշարձանների հետ մտահոգել են նախաձեռնության կազմակերպիչներից Աղվան Ասոյանին:
Շատ հուշարձաններ անուշադրության են մատնված, չեն խնամվում, որոշ դեպքերում դրանք վանդալիզմի զոհ են դառնում։ Նախաձեռնությունը արդեն ունի իր էջը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, շուտով կսկսի գործել նաեւ կայքը։ Ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման»հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի՝ պատմամշակութային և բնական հուշարձանների պահպանության հարցերը խիստ փոխկապակցված են:
Նա նշում է, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկները տպավորված են մեր երկրի բնությամբ և պատմամշակութային ժառանգությամբ, սակայն արձանագրել են, որ դրանցից շատերը գտնվում են անխնամ վիճակում: Ի տարբերություն շատ քաղաքների՝ Երևանում բացակայում է հին հատվածը, որը կարող էր գրավել զբոսաշրջիկներին:
Բնապահպանը ցավով արձանագրեց, որ վերջին տարիներին հին Երևանն իր տեղը զիջեց բազմահարկանի շենքերին: Բարեբախտաբար՝ այս ոլորտում կան և դրական զարգացումներ։ Մասնավորապես՝ Կարմիր բլուրի մերձակայքում վարվող ավտոմայրուղու շինարարության ընթացքում առաջնահերթ կարգով տարածքում իրականացվել են պեղումներ։ Հուշարաձանների պահպանության հարցը, ըստ Կարինե Դանիելյանի, մեր երկրում կարելի է կարգավորել միայն անհրաժեշտ քաղաքական կամքի առկայության պարագայում: