Միջազգային

Ուկրաինական իրադարձությունների քննարկումը քաղաքական գործիչների մասնակցությամբ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ուկրաինական զարգացումների թեման այսօր քննարկվել է Երևանում տարբեր քաղաքական գործիչների, փորձագետների մասնակցությամբ: Հիմնականում քննադատություններ են հնչել Արևմուտքի և ԱՄՆ նկատմամբ։ Տասնամյակներով տեխնոլոգիաներ են մշակվել, թե ինչպես շեղում տալ սլավոնական ուղղությանը, որը ոչ մի կերպ չի տեղավորվում աշխարհում սկիզբ առած գլոբալացվող գործընթացում։

Ուկրաինայում բևեռացման տեխնոլոգիաներ են կիրառվում։ Այն, ինչ կատարվում է, նեոնացիզմի դրսևորում է, մարդիկ զոմբիացած են, իսկ կիրառվող բոլոր այդ տեխնոլոգիաները Ռուսաստանի դեմ են, կլոր սեղան քննարկման ընթացքում կարծիք հայտնեց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավարի տեղակալ Արման Բոշյանը:

Քննարկման մասնակիցները հիմնականում պատկերավոր շեշտում էին, թե այս երկրում բարու և չարի պատերազմ է գնում: Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը Ուկրաինայում կատարվող իրադարձությունները  համարելով  նացիստական դրսևորում  նշեց, որ  չի կարող կայացած համարվել մի պետություն, որտեղ գերիշխում է  նացիզմը: Նա հիշեցնելով 2008 թվականի օռուս-վրացական հնգօրյա պատերազմը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հույս ուներ, որ ԱՄՆ կօգներ Վրաստանին և Ռուսաստանը պարտություն կկրել ու Ադրբեջանն էլ օգոստողի 12-ին Իջևանի ու Նոյեմբերյանի կողմից հարձակման կանցներ` իր հսկողության տակ վերցնելու Ղարաբաղը։ Նույն վիճակն է նաև այսօր`ուկրաինական զարգացումների ընթացքում, ասաց։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները համարեց պայքար մարդկության գոյության դեմ: Այդ երկրում գիշատիչ համակարգն է գործի դրվել, կարծիք հայտնեց նա։

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը համոզված է` ուղեղների վերաֆորմատավորում է տեղի ունենում։ Լեզուն ընթանում է թշնամացման ճանապարհով, ինչը տեղի է ունենում նաև  սերբերի ու խորվաթների միջև։ «Եթե անգամ քննադատվի կոմունիստական գաղափարախոսությունը պայծառ ապագայի մասին իր պատկերացումներով, ապա դա գոնե, ըստ աստվածաբանի, պայծառ ապագայի մասին էր, ինչը չի կարելի ասել Ուկրաինայի դեպքում։

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավարի տեղակալն էլ համոզված է, որ  Արևմուտքը շահագրգռված է, որպեսզի արյունահեղությունը շարունակվի, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի մասին, քանի որ դա կատարվում է հենց իր սահմանին մոտ: Ռուսաստանը քայլեր է ձեռնակում, որպեսզի իրավիճակը լիցքաթափվի ասաց։ Թե ինչ կստացվի՝ պարզ չէ։

Կարդացեք նաև
Close
Back to top button