ՀՑԹԻ-ում կբացվի նոր և մշտական ցուցադրություններով ցուցասրահ


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հաջորդ տարի լրանում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը։ Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ամփոփել է կառույցի կատարած վերջին մեկ տարվա աշխատանքները: Այս տարվա կարևոր ձեռքբերումը Հայկ Դեմոյանը համարել է Երևանի պետական համալսարանում ցեղասպանագիտության ամբիոնի բացումը, որտեղ էլ կրթվում են ապագա 7 ցեղասպանագետները: Շուտով թանգարանում կբացվի նաև նոր և մշտական ցուցադրություններով ցուցասրահ, որտեղ ներկայացված նյութերը լինելու են բացառիկ: Դեմոյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է նաև Թուրքիայի ներկա քաղաքականության մասին։
Ապրիլի 21-ին այցելուների առջև իր դռները կբացի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցասրահը: Իսկ մեկ տարի անց թանգարանը կհամալրվի նոր և մշտական ցուցադրություններով: Ցուցադրությունները, թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի տեղեկացմամբ, լինելու են բացառիկ թե նյութի ընդգրկունությամբ, և թե գիտականությամբ: Նորագույն տեխնոլոգիաներով և դիզայներական լուծումներով երկուսուկես անգամ մեծացվելու է մշտական ցուցադրության տարածքը:
«Կտեսնեք փոքրիկ կինոսրահներ, հպումով էկրաններ, այցելուն մեկուկես ժամ կարող է ծանոթանալ ցուցադրությանը, բայց կարող եմ վստահեցնել, որ մեկ այցը բավական չի լինի, որ ծանոթանա այդ ծավալին: Երկրորդ, երրորդ այցի ընթացքում ցանկացած այցելու կգտնի նոր տեղեկություն և նոր գիտելիք, որը ներառվելու է մշտական ցուցադրության մեջ»:
Սա գիտական հավաքական աշխատանքի արդյունք է, այսպես որակեց իրենց գործունեությունը Հայկ Դեմոյանը: Անցյալ տարի հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարլին մասնագիտական իր ողջ գրականությունը նվիրել է թանգարանին: Հայկ Դեմոյանի փոխանցմամբ` թանգարանի հագեցած գրականությունը հնարավորություն կտա Հոլոքոստի մասին կատարել գիտական հետազոտություններ: Ապացույցը Թուրքիայից ժամանած ասպիրանտն է, որը Հայոց ցեղասպանության հիշողության, մոռացության և ժխտողականության մասին գիտական աշխատանք է պատրաստում։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերածվելու է միջազգային նշանակության գիտահետազոտական հաստատության, նշում է թանգարան-ինստիտուտի տնօրենը: Թանգարանը նաև աշխատում է ընդլայնել համագործակցող երկրների աշխարհագրությունը:
Թանգարանը պատրաստվում է շուրջ 20 ժամանակավոր ցուցադրություն ներկայացնել տարբեր երկրներում:
Վերջերս Լեմկինի կրթաթոշակով աշխատող հայաստանցի մի գիտաշխատող մեկնել է Թուրքիա`մասնակցելու առաջին աշխարհամարտի վերաբերյալ գիտաժողովին: Գիտաժողովի ընթացքում անգլիացի մի գիտնական իր խոսքում կիրառել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, որին հաջորդել է թուրք հետազոտողի նկատողությունը` «մի օգտագործեք այդ սխալ եզրույթը. դա պատմական չէ»: Սակայն անգլիացի մասնագետը հակառակել է`ասելով, որ դա պատմությամբ ապացուցված է՝Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է։ Այս մեկնաբանությունն արժանացել է ներկա բոլոր թուրք մասնակիցների ծափահարություններին: Այս իրողությունը, Հայկ Դեմոյանի ձևակերպմամբ, չէր կարող տեղի ունենալ 5 կամ 20 տարի առաջ:
Թուրքիայում փոփոխությունները մեծ արագությամբ են տեղի ունենում և մեր բացթողումը դրանց ետևից չհասնելն է, կարծում է Հայկ Դեմոյանը և նշում, որ ցեղասպանության իրազեկումը պետք է բարձրացնել թուրք նոր սերնդի շրջանում և միայն այս ճանապարհով մենք կարող ենք հասնել հիմնախնդիրների լուծման: