ԿարևորՏնտեսական

ԿԲ. Հայաստանի բանկային համակարգի ռիսկերը բացառապես արտաքին են

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ֆինանսական համակարգը 2013-ին  արձանագրել է  աճի միտումներ՝ պահպանելով կայունությունն ու ռիսկերի կառավարման ունակությունը։ Կենտրոնական բանկում այսօր ներկայացվել է նախորդ տարվա ֆինանսական կայունության հաշվետվությունը: ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ 2013-ին  ֆինանսական ցուցանիշները հիմնականում աճ են արձանագրել։

ԿԲ ներկայացուցիչները  գոհ են  2013-ի ֆինանսական  ցուցանիշներից ու միտումներից: Իրականացված սթրես թեստերի արդյունքներով՝ համակարգը բավարար իրացվելի է և կապիտալացված: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա դրանք, ըստ ոլորտի պատասխանատուների, կապվում են միայն արտաքին գործոնների հետ: Ռիսկային են դիտարկվում համաշխարհային տնտեսական ու աշխարհաքաղաքական զարգացումները, դրանց ազդեցությունը, սակայն այս պահին էական չի գնահատվում: «Այս պահի դրությամբ մեր գնահատականներով աշխարհաքաղաքական զարգացումներն էական ռիսկեր չեն ձևավորում»,- ասում է ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ 2013-ին  Հայաստանի ֆինանսական համակարագը ավելի դիվերսիֆիկացված կամ տարբերակված  է դարձել. եթե  մի քանի տարի առաջ համակարգը նույնացվում էր բանկայինի հետ, ապա այժմ պատկերը փոխել են վարկային կազմակերպությունները։ «Էականորեն նվազել է բանկերի կշիռը՝ տեղը զիջելով վարկային կազմակերպություններին»,- ասում է։ Աճել է ֆինասական միջորդության ցուցանիշը, որը չափվում է վարկեր-ՀՆԱ հարաբերակցությամբ. այն այժմ   կազմում է 40 տոկոս: Համակարգի իրացվելիության ցուցանիշը նույնպես աճել է, ինչը, մասնագետի բացատրությամբ, խոսում է նրա մասին, թե որքանով են ունակ բանկերը հաղթահարել հնարավոր ռիսկերը։ «Գրեթե երկու անգամ բանկերում առկա միջոցները ավելին են, քան՝ պահանջվող նվազագույնն է»:

Բանկային ակտիվների շուրջ 60 տոկոսը կազմում են վարկերը:  2013-ին դրանք դինամիկ աճ են ունեցել, աճել է նաև ավանդների տեսակարար կշիռը: Ընդհանուր առմամբ՝ վարկային պորտֆելի մեջ բիզնես վարկերի տեսակարար կշիռը կազմում է մոտ 65 տոկոս, դրանից 20- ն ուղղվում է  առևտրի ոլորտին, մոտ 10 տոկոս կազմում է հիփոթեքի ոլորտը, մնացած մասն էլ սպառողական վարկերն են: Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ցածր է՝ մոտ 4 տոկոս:

Ինչ վերաբերում է վարկերի ժամկետայնությանը, ապա   մինչև 1 տարով վերցված վարկերի տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ  էականարեն նվազել է, գերակշռողը երակարաժամկետ վարկերն են: Եվ վերջապես վարկերի հետ կապվող հիմնական հարցի ՝ տոկոսադրույքների մասին: ԿԲ մասնագետն ասում է ՝ վարկերի ու ավանդների տոկոսների միջև տարբերությունը փոքրացել է և դա լավ միտում է: Նշեմ, որ դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 2013-ին կազմել է 16, իսկ ավանդներինը ՝ մոտ 11 տոկոս։

Այս բոլոր ցուցանիշներից հետո ամենատրամաբանական հարցն այն է, թե ինչով է պայմանավորված հանգամանքը, որ Հայաստանում ֆինանսական ու տնտեսական համակարգերը համարժեք չեն զարգանում կամ Կենտրոնական բանկում ինչով են բացատրում տնտեսական աճի դանդաղ, իսկ ֆինանսականի նման արագ  տեմպերը։ «Պատճառն այն է, որ մի քանի տարի առաջ ֆինանսական միջնրդության ցածր մակարդակ ունեինք։ Այսինքն՝ մարդիկ քիչ վարկեր էին վերցնում, քիչ ավանդներ ունեին: Հիմա պատկերը փոխվել է, ու կարծում եմ, ժամանակի ընթացքում, տնտեսական ու ֆինանսական համակարգերը համաքայլ կզարգանան»։

Այն  դիտարկմանը, թե որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ Հայաստանի բնակչության  99%-ը բանկերում վարկառու է , ԿԲ ներկայացուցիչն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ, որտեղից է այդ վիճակագրությունը։ Ես չունեմ նման ինֆորմացիա, բայց եթե մեր բնակչության 99%-ը լինի բանկերում սպասարկվող,  դա կլինի իդեալական ձեռքբերում ոչ միայն Հայաստանի, այլ նաև շատ զարգացած երկրների համար»։

Back to top button