Հասարակություն

Ավարտվում է ամենաշնորհաշատ ավագ շաբաթը. ինչ դնել տոնական սեղանին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ավարտվում է ամենաշնորհաշատ ավագ շաբաթը, որի կիզակետը Քրիստոսի հրաշափառ Հարությունն է: Սուրբ Հարության՝ Զատկի տոնը կնշենք այս կիրակի`ապրիլի 20-ին: Զատկի ավանդական ծիսակարգի, կենաց ծառի ու սեղանների զարդարման, տոնի խորհրդի և ավագ շաբաթվա մասին են այսօր խոսել նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին ու Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Իսկ թե ինչ կերակրատեսակներով է պետք պատրաստվել Զատկին և ինչ դնել տոնական սեղանին, ներկայացրել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը կնշի այս կիրակի: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաեւ Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»:

Զատիկը թե Հին, թե Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն շարժական տոն է և Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լիալուսնն մոտ առաջին կիրակի օրը: Այս տարի զատկական տոնախմբության օրը համըկնել է ամբողջ քրիստոնյա աշխարհում, լրագրողներին այսօր հայտնեց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

«Մենք արդեն ավագ շաբաթվա գրեթե ավարտին ենք, վաղը ավագ շաբաթ օրն է և վաղը ավարտվում է մեծ պահքը` ճրագալույցի պատարագով: Քրիստոնյաները գնւոմ են եկեղեցի, ստանում են հաղորդություն և վերադառնալով տուն նշում են զատկական տոնախմբությունը և իրեցն հետ տանում են վառված ճրագները, որոնք խորհրդանշում են Քրիստոսի լույը, որը պետք է լուսավերի յուրաքանչյուր մարդու հոգին»:

Ինչպես է ժողովուրդը դիմավորում Սուրբ Զատիկը: Մեր ժողովրդական մշակույթը շատ հարուստ է եղել թե մինչև քրիստոնեության ընդունումը և թե քրիստոնեության ընդունումից հետո, նկատեց նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: Իսկ կոնկրետ Զատկի տոնի մասին նշեց.«Մեր ավանդապատումների մեջ նաև աքլորի գաղափարն է եղել, որովհետև աքլորը, ինչպես ասվում է առասպելում, ելավ, կանչեց ննջեցելոց, Քրիստոս հարյավ ի մեռելոց: Այսինքն աքլորը նույնպես իր դերն ունի Քրիստոսին և ժողովրդին արթնացնելու մեջ»:

Եթե զատկին նախորդող շաբաթը Եկեղեցին կոչում է ավագ, և շաբաթվա յուրաքանչյուր օրը ևս սկսվում է Ավագ բառով, ապա ժողովրդականը փոքր ինչ տարբերվում է թե անուններով և թե նշանակությամբ:
«Երկուշաբթի օրը ջրաղացպանի օրն է: Երեքշաբթի օրը խելոքների և հիմարների օրն է: Չորեքշաբթի օրը չիք օր է` մաքրման օր: Հինգշաբթի օրը կանայք ու աղջիկները հատուկ գնացել են բանջար հավաքելու և կարագը տարել են եկեղեցի օրհնելու: Ուրբաթ օրը հուդդայի օրը բոլորը ձեռագործ են արել: Իսկ շաբաթ օրը՝ արդեն ճրագալույց»:

Քրիստոսի թափած արյամբ մարդը փրկվեց և Քրիստոսը ինքը համարվում է զատկական գառ և մատաղ, նշեց Տեր Շմավոնը` հավելելով, որ զատկական ձուն ինչ գույն էլ ներկեն, պարտադիր է ունենալ նաև կարմիր գույնը, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Ի վերջո չպետք է մոռանալ, որ տոնի կարևոր բաղադրիչներից մեկն էլ զատկական սեղանն է: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով` ներկած ձվից բացի սեղանին դրվում է նաև ձուկ, տապակած կանաչի, ածիկ, սամիր:

Այսպիսով`Զատիկը ընտանեկան ուրախ տոն է` ինչպես ժողովրդական, այնպես էլ եկեղեցական հարուստ ավանդույթներով և տոնի առթիվ վաղը երեկոյան Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունը կազմակերպելու է նախադեպը չունեցող ջահերով երթ:

Back to top button