Հասարակություն

Վրաստանի հայ համայնքում արդեն սկսել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Վրաստանի հայ համայնքում արդեն սկսել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:  Ջավախքի տարբեր բնակավայարերում, Բաթումիում ու Թբիլիսիիում կազմակերպվում են ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, գիտա-մշակութային միջոցառումներ:  Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան Դրամատիկական թատրոնը  պարաստվում է «Ողբամ մեռելոց…Բեկանեմ շանթեր…Կոչեմ ապրողաց» ներկայացման պրեմիերային: Այս տարի Թբիլիսիիում կբացվի նաև Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, իսկ ամենամեծ միջոցառումը թերևս կլինի բազմահազարանոց ցույցը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև:

Թբիլիսահայ Սլավա Մեզդոյանը այն երիտասարդներից  մեկն է, ով  առաջին անգամ 2005 թ.  բողոքի ակցիա կազմակերպեց  Թբիլիսիիում Թուրքիայի դեսպանատան առջև:  Այսօր արդեն նա  ընկերների հետ  հասել է նրան,  որ ակցիային միացել են վիրահայ  մի շարք կազմակերպություններ ու հազարավոր  մարդիկ Թբիլիսիից ու Վրաստանի տարբեր շրջաններից:  Մեզդոյանը նույնպես Ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է: Պատմում է, որ իր մեծ պապը տարբեր վայրերում հանգրվանելուց հետո հաստատվել է Թիֆլիսում` մտածելով,  որ իր տունը մոտ է այստեղից ու վերադառնալու է:  Նա Թուրքիայից  պահանջում է Հայոց Ցեղասպանության ճանաչում ու փոխհատուցում:

«Առաջին հերթին պահանջում եմ ճանաչում, որից հետո  փոխհատուցում: Փոխհատուցումն էլ կլինի մի քանի ձևով. առաջին հերթին Թուրքիան պետք է անձնապես փոխհատուցի ցեղասպանության ենթարկվածների ժառանգներին»:

«Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպությունը, որի համահիմնադիրն է Մեզդոյանը, ամեն տարի դիմում է  նաև Վրաստանի իշանություններին` ճանաչել ու դատապարտել  1,5 մլն. հայերի Ցեղասպանությունը:  Կազմակերպության  վարչության անդամ  Սանդրո Օհանյանը նշում է, որ իրենք ամեն տարի դիմում են նաև քաղաքային իշխանություններին`  թույլատրել Թբիլիսիում կանգնեցնել  Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող  Խաչքարը: Սակայն Թբիլիսիի իշխանությունները անպատասխան են թողնում նրանց նամակները, կամ անհիմն պատճառաբանություններով  մերժում:

«Թբիլիսիի բնակչության 7,63 %, հայեր են, ովքեր իրավունք ունեն իրենց քաղաքում ունենալ նման հուշարձան»:

Ու մինչ քաղաքային իշխանությունները կթույլատրեն քաղաքի որևէ մի հատվածում Խաչքար կանգնեցնել, Վիրահայոց  թեմը  ապրիլի 24-ին Հավլաբարի սուրբ Էջմիածին եկեղեցու բակում կօծի ու կբացի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  մեկ այլ Խաչքար:  Թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի փոխանցմամբ՝  «Այս խաչքարը  Հին Ջուղայում  զետեղված 1602թ.  խաչքարի կրկնօրինակն է, որը  ադրբեջանցիները ոչնչացրել էին հազարավոր խաչքարների թվում»:

Back to top button