Հասարակություն

Սայաթ- Նովայի բնակիչները բողոքում են նաեւ դատարանից

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Արդեն կես տարուց ավելի մայրաքաղաքի Սայաթ-Նովա 10 և հարակից շենքերի բնակիչներն ստիպված են ապրել իրենց բակում տարվող շինարարական աշխատանքների պայմաններում: Ինչպես նախատեսվում է, այստեղ վեր կխոյանա 14 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրը: Բնակիչները դժգոհ են՝ շինարարությունը իրականացվում է քաղաքաշինական տարրական նորմերի կոպիտ խախտումներով: Դեռ ավարտվել է նորակառույցի միայն 2-րդ հարկի շինարարությունը, սակայն Սայաթ- Նովա, 12  շենքում արդեն 40 տարուց ավելի բնակվող կոնսերվատորիայի դասախոս Անահիտ Հովսեփյանը բախվել է մի շարք անհարմարությունների։ «Ստիպված փակ վարագույրների տակ եմ ապրում»,- ասում է նա։

Շինարարության օրինականությունն այժմ վիճարկվում է Վարչական դատարանում, սակայն այստեղ ևս լավատեսության հիմքեր չկան, խոստովանում է  փաստաբան Ալբերտ Կանդալյանը։ Գործը դեռ նախնական փուլում է։ Դատավոր Արգիշտի Ղազարյանը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը՝ կասեցնել շինարարությունը մինչև վճիռի կայացումը:  Շինարարության ընթացքում արձանագրվել են նախագծային շեղումներ, ինչի արդյունքում ստեղծվել է խիստ անհարմար իրավիճակ բնակիչների, հրշեջների և կոմունալ ծառայությունների ելումուտի համար:

Միևնույն ժամանակ իրավապահ մարմինները հրաժավում են ընթացք տալ շենքի բնակիչների բողոքներին: Շինարությունը հատել է 5 մետր հեռավորության շեմը և սպառնում է բնակիչներին թողնել առանց արեւի լույսի, նշում է տիկին Անահիտը:

Սայաթ-Նովա, 10 շենքում բնակվող «Սասուն» ազգագրական համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը խոստովանեց, որ ստեղծված պայմաններում նա չի կարող զբաղվել ստեղծագործական աշխատանքով՝ ջանքերը ուղղելով շինարարության դադարեցմանն ու նորակառույցի ապամոնտաժմանը։ Շինարարության պատվիրատուն ևս ցուցաբերում է ակտիվություն՝ տարբեր ձևերով փորձելով սաստել բնակիչների դժգոհությունը: Ըստ սարկավագի՝ այս պատմությունում մեծ դեր է խաղում կանխիկ փողը, որը, ըստ ամենայնի, այս գործում բավականին շատ է։

Back to top button