Միջազգային

Ուկրաինան Ժնևի քառակողմ հանդիպումից ակնկալում է լուծումներ, որոնք կթուլացնեն երկրում ստեղծված լարվածությունը

Ուկրաինան այսօր Ժնևում սպասվող քառակողմ հանդիպումից ակնկալում է լուծումներ,  որոնք կթուլացնեն երկրի արևելյան շրջաններում ճգնաժամային իրավիճակի պատճառով ստեղծված լարվածությունը, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գերատեսչության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը: Եվրամիության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների քառակողմ  հանդիպման ժամանակ կքննարկվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ հանդիպման նախապես համաձայնեցված օրակարգում ներառված են դեէսկալացիայի, ոչ օրինական զինված խմբերի զինաթափման, սահմանադրական բարեփոխումների հարցերը: Միաժամանակ, Ուկրաինայի արտգործախարարի պաշտոնակատար Արդրեյ Դեշչիցայի խոսքերով Կիևը ժնևյան հանդիպման ժամանակ  մտադիր է առաջ քաշել «Ուկրաինայի իրավասության տակ Ղրիմը վերադարձնելու» հարցը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Կարասինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը պատրաստվում է մասնակցել քառակողմ հանդիպմանը առանց որևէ նախապայմանների:

«Ժնևում հանդիպումը նախևառաջ հնարավորություն կտա կողմերին ներկայացնել իրենց դիրքորոշումը, մինչև հիմա այդպիսի հնարավորություն ցավոք սրտի չի եղել, նաև փորձ կարվի քննարկել և գտնել ուղիներ Ուկրաինայի արևելքում իրավիճակի լարվածությունը թուլացնելու համար: Սա է առաջնային խնդիրը, որ դրել ենք մեր առաջ» — հայտարարել է Պերեբիյնիսը երեկ երեկոյան հանդես գալով «Ուկրաինա» հեռուսատակայանի եթերում:

Back to top button