Հասարակություն

Կառավարության առաջին նիստն է անցկացրել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը (լրացված)

լրացված ժամը 15.42

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Որպես նորանշանակ վարչապետ, այսօր կառավարության առաջին նիստն է անցկացրել Հովիկ Աբրահամյանը: Նա նիստը շնորհավորանքով է սկսել: Կառավարության անդամների անունից Հովիկ Աբրահամյանը շնորհավորել եւ բեղմնավոր աշխատանք է  մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նրա ծննդյան օրն է այսօր: Վարչապետ Աբրահամյանը հայտարարել է, որ կառավարությունը մի գործընթաց է սկսելու, որով փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ է ստեղծվելու: «Դա երկրի նախագահի և բոլորիս ցանկությունն է», — հայտարարել է կառավարության ղեկավարն ու վստահեցրել է, որ օրենքի շրջանակներում բիզնես իրականացնող գործարարին որևէ կառույց չպետք է խոչընդոտի: Կառավարությունը շարունակում է անապահով ընտանիքներին մատակարարած բնական գազի արժեքի մասնակի փոխհատուցում իրականացնել:

Հովիկ Աբրահամյան, էդվարդ Նալբանդյան, Սեյրան Օհանյան. նոր կառավարության երեք հայտնի անդամներն են: Նրանց երեքի նշանակումն էլ անմիջապես հանրապետության նախագահից է կախված: Եվ հենց նրանց ու մյուսների՝ ժամանակավոր պաշտոնակատարների մասնակցությամբ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության առաջին նիստն անցկացրեց: Այն շնորհավորանքով ու ծափահարություններով մեկնարկեց: Պարզվեց՝ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան օրն է, Տարոն Մարգարյանը կառավարության ղեկավարից բեղմնավոր աշխատելու մաղթանք ստացավ: Իսկ հետո, ամեն ինչ ինչպես նախկինում տասնամյակներ շարունակ: Վարչապետ Աբրահամյանը հայտարարեց ՝ փոքր ու միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ու հարկային դաշտ կստեղծվի:

 

Իսկ հետո հնչեց հավաստիացումը՝ օրենքի շրջանակներում բիզնես իրականացնող գործարարին որևէ կառույց չպետք է խոչընդոտի: Սա նաև ՀՀ նախագահի ցանկությունն է.«Մենք սկսելու ենք մի գործընթաց և մեր ապագա կառավարության, երկրի նախագահի և բոլորիս ցանկությունն է, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ», — ասել է կառավարության ղեկավարը:

 

«Առաջիկայում մենք ՓՄՁ-ների ծրագրերին ընդառաջ շատ լավ քայլեր ենք անելու: Մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի ՓՄՁ-ն մեր երկրում զարգանա: Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին, և այդ հարցը կառավարության կազմը ձևավորելուց հետո մանրամասն կքննարկենք: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար: Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, որն իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որևէ կառույցից որևէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից»:

Կառավարությունը կշարունակի անապահով ընտանիքներին մատակարարած բնական գազի արժեքի մասնակի փոխհատուցում իրականացնել: Մոտավորապես 116 մլն դրամ կվճարվի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարը վճարելու նպատակով:

 

Արդեն կառավարության նիստից հետո նախարարների պաշտոնակատարներից միայն Հրայր Թովմասյանը զրուցեց լրագրողների հետ՝ հորդորելով՝ իր հետագա պաշտոնավարման մասին որևէ հարց չտալ: Նման հարց ի դեպ, չտրվեց, դրա համար Թովմասյանը հատուկ շնորհակալություն հայտնեց: Ինչպե՞ս է արդրադատության նախարարի պաշտոնակատարը վերաբերում Օրինաց երկիր կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալու որոշմանը:
«Պետք է հարգել այդ քաղաքական ուժի որոշումը, ցանկացած քաղաքական ուժի ճակատին գրված չէ, որ ինքն իր ամբողջ կյանքում պետք է իշխանություն լինի, կամ ամբողջ կյանքում պետք է ընդդիմություն լինի: Ընդդիմությունը պայքարում է իշխանություն լինելու համար, բայց պրոցեսներ, որ քաղաքական իշխանություն, գործընկերները դուրս գան, տարբեր երկրների քաղաքական պատմությունը լի է նման իրավիճակներով: Ես այստեղ մեծ սենսացիա չեմ գտնում»:

 

Հրայր Թովմասյանը հայտարարեց, որեթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տար, ինքը ՀՀԿ-ից դուրս չէր գա: Ասաց ու հավելեց.«Դա չի նշանակում, որ եթե ես ասում եմ ոչ, ես եմ ճիշտը, կամ այ դա էր ամենաճիշտը, իսկ մնացածը, որոնք պետք է լքեն, իրենք սխալ են, այս պարագյում հարցերը պետք է իրենց տալ»:

 

Դե, իսկ արդեն նախկին ՕԵԿ-ական ու առայժմ նախարարի պաշտոնակատարներից և ոչ մեկի հետ հանդիպել ու զրուցել չհաջողվեց:

 

Back to top button