Քաղաքական

Մայք Անտոնովիչ.«Քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, այն կշարունակվի»

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

52 շաբաթ է մնացել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, այդ ժամանակահատվածը պետք է  արդյունավետ օգտագործել. այս հաշվարկն արել է Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի անդամ Մայք Անտոնովիչը: Լոս Անջելեսի մարզի ղեկավար մարմնում աշխատանքի անցնելուց ի վեր` արդեն 33 տարի, նա հեղինակում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր: Այն ամրագրում է, որ Լոս Անջելեսի 10 մլն բնակիչների անունից կառավարիչների խորհուրդը դատապարտում է 1915-23թթ Օսմանյան կառավարության իրականացրած վայրագությունները և Թուրքիայի ներկա ժխտողականությունը: Ապագա սերունդներին անհրաժեշտ է տեղեկացնել պատմական փաստերի մասին` ցեղասպանության կրկնությունն ապագայում բացառելու համար, գրված է փաստաթղթում: Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի անդամների ստորագրությունը կրող հռչակագիրը Մայք Անտոնովիչը հանձնեց Լոս Անջելեսում Հայաստանի կառավարության ներկայացուցչին, համայնքի հոգևոր առաջնորդներին ու հասարակական կառույցների անդամներին:

«Երախտապարտ եմ այս խնդրի հանդեպ ձեր ուշադրության համար: Ոճիրը, որը տեղի է ունեցել 99 տարի առաջ, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության դեմ իրագործված հանցագործություն է: Հայոց ցեղասպանության ճանաչումից ու հատուցումից բացի, մեզ համար առաջնային է ապագան ապահովագրել դրա կրկնությունից», ասաց Լոս Անջելեսոմ ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը: «Լոս Անջելեսի ամերիկահայ համայնքը պահանջում է , որ ամերիկյան իշխանությունը և պաշտոնյաները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դա շատ կարևոր է ապագայի համար երաշխիքներ ստեղծելու և ցեղասպանության կրկնությունը բացառելու տեսակետից», ասաց Հայ-ամերիկյան խորհրդի անդամ Գրիգոր Մոլոյանը:

Մայք Անտոնովիչը նույնպես շեշտեց, որ քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, այն կշարունակվի, և, փաստացի, շարունակվում է մեր օրերում: «Մենք այսօր ականատես ենք լինում ցեղասպանության կրկնությանը. մեր կառավարությունը պարտավոր է ոչ միայն ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանոթյունը, այլև բարոյապես սատար կանգնել Հայ ժողովրդին` Թուրքիայից ճանաչում և հատուտուցում պահանջելու գործում: Քանի դեռ դա չենք արել, ոճիրը կկրկնվի, ինչպես այսօր տեղի է ունենում Միջին Արևելքում: Ես շատ մտահոգված եմ ՄՆ-ի նախագահի` Սիրիայի հարցում անգործությունից, մենք ականատես ենք լինում, թե ինչպես են սիրիահայերը կրկին ահաբեկության ենթարկվում, տարագրվում ու սպանվում: Մինչդեռ ՄՆ-ի նախագահը կարծես անգործությամբ նպաստում է Միջին արևելքում ստատուս-քվոյի պահպանմանը, որն անընդունելի է: Ժամանակն է` այս հարցում միավորել ուժերը և  վերջ դնել այս աբսուրդին», ասաց Մայք Անտոնովիչը:

Լոս Անջելեսի կառավարիչների խորհրդի անդամ Մայք Անտոնովիչի խոսքով, ամերիկյան հանրային դպրոցներում անհրաժեշտ է  ցուցադրել Հայոց ցեղապսնաթյան մասին փաստագրական ֆիլմեր, որոնք պատմում են` ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել. ինչպես են սպանել, խոշտանգել հայերին, կանանց` դաջել ու ստրկացրել: Անտոնովիչը շեշտեց, որ այդ ամենը պետք է իմանան հատկապես երիտասարդները, քանի որ եթե նույնիսկ աշխարհը մոռացության մատնի անցյալի այդ էջը, միևնույն է, ցեղասպանթյունն ինքը կհիշեցնի իր մասին` նորից կրկնվելով:

Back to top button