Կարինե Հակոբյան.Հայաստանի նման երկրում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու անհրաժեշտություն չկա


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր
Հայաստանի նման երկրում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու անհրաժեշտություն չկա: 2003-ին ձեւավորված կոալիցիան Հայաստանի համար աղետաբեր էր: Այս համոզմունքն է այսօր հայտնել Ժառանգություն կուսակցության նախկին անդամ Կարինե Հակոբյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Կարինե Հակոբյանն ու Լարիսա Ալավերդյանն անդրադարձել են կառավարության ղեկավարի փոփոխությանն ու խոսել ակնկալիքների մասին:
Թե Լարիսա Ալավերդյանը, թե Կարինե Հակոբյանը կարծում են, որ ՀՀԿ-ն պետք է վերցնի ամբողջական պատասխանատվություն, քանի որ նա է մեծամասնությունը, իսկ մնացածը պիտի լինեն ընդդիմություն եւ կատարեն իրենց առաքելությունը: Կարինե Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի նման երկրում կոալիցիայի ձեւավորման անհրաժեշտություն չկա: Ըստ նրա` փորձը ցույց տվեց, որ կոալիցիան աղետաբեր եղավ Հայաստանի համար:
«Ոլորտները բաժանվեցին կուսակցությունների մեջ եւ ընդդիմությունը վերացավ գրեթե: Կարծես թե` այդ ոլորտները տվեցին կուսակցություններին` օգտագործման համար: Հայաստանը չունի այդպիսի ներուժ»:
Կարինե Հակոբյանի դիտարկմամբ` Հայաստանում միշտ էլ կոալիցիա է ձեւավորվել` ընդդիմությունը թուլացնելու համար, այնինչ` Հայաստանի նման երկրին ուժեղ ընդդիմություն անհրաժեշտ է: Բանախոսն անդրադարձավ նաեւ ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու փաստին` հենց այդ տեսանկյունից.«ՕԵԿ-ի դուրս գալը միայն պետք է ողջունել` անկախ դրդապատճառներից, անկախ շարժառիթներից: Անկախ` անկեղծ է դա, թե` ոչ: Իրականում օդուջրի պես անհրաժեշտ է, որ Հայաստանում ձեւավորվի ընդդիմություն»:
Լարիսա Ալավերդյանը, սակայն, թերահավատորեն է մոտենում ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու անկեղծությանը: Ալավերդյանի գնահատմամբ` կոալիցիան քաղաքական կյանքում իր դերակատարումն ունենում է, ուստի` ինքը կտրուկ գնահատականներ այդ առումով չի տալիս. «Կոալիցիան որպես գործիք ընդունելի է, բայց Հայաստանում այն գրեթե անիմաստ է դառնում, որովհետեւ կա բացարձակ մեծամասնություն»:
Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների` կարծիք հայտնեց Լարիսա Ալավերդյանը: Հենց դրանով էլ նա պայմանավորում է վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները, մասնավորապես` վարչապետի փոփոխությունը: Նոր կառավարությունից սպասելիքների առումով ակնկալիքները տարբեր էին: Կարինե Հակոբյանի կարծիքով` նոր վարչապետը պիտի հասարակությանը ապացուցի, որ նշանակումը տեղին էր, իսկ ավելի խորը գնահատական տալու համար` պետք է սպասել եւ տեսնել աշխատանքը: Լարիսա Ալավերդյանը, սակայն, կարծում է, որ սպասելու խնդիր չկա. կա անցած ճանապարհ եւ ձեւավորված համակարգ ու, այդ ամենը հաշվի առնելով, մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ` հետագայում խորապես չհիասթափվելու համար: