ՀՅԴ- ն կմտնի՞ կառավարող կոալիցիայի մեջ. այս հարցը դեռ պատասխան չունի


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ոչ իշխանական ուժերի քառյակն այսօր հերթական նիստն է հրավիրել, որն առաջինն էր Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո: Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ամփոփելով նիստի արդյունքները նշել է, որ 4 ուժերն արդյունավետ քննարկում են ունեցել: Ի հեճուկս չար լեզուների՝ քառյակը շարունակում է գործել, հայտարարել է Արմեն Ռուստամյանը: Որ իշխանական ուժերը որոշել են առաջիկա քառօրյայի ընթացքում հանդես գալ կուտակայինի հարցով ատահերթ նիստ հրավիերլու նախաձեռնությամբ, քննարկել են նաև Հովիկ Աբրահամյանի կառավարության նկատմամբ որդեգրելիք մարտավարությունը։
«Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, եթե որոշ հարցեր կմնան անպատասխան». այս զգուշացումով սկսեց քառյակի այսօրվա նիստի արդյունքների ամփոփումը Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ թերևս ենթադրելով, որ իր պարզաբանումներից հետո անպատասխան հարցեր մնալու են: Իսկ պատասխանի սպասող հիմնական հարցը հենց Դաշնակցությանն է վերաբերում՝ պատրաստվո՞ւմ է ՀՅԴ-ն մասնակցել Հովիկ Աբրահամյանի կառավարության ձևավորմանը, թե՝ ոչ։
Ինչպես հայտնի է, Դաշնակցությունն իր վերջնական որոշումը պայմանավորում է 7 կետանոց ծրագրի ընդունմամբ: Այդ կետերից մի քանիսը ներառված են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: «Մենք ասել ենք, եթե ամբողջապես ընդունեն, սա բոլորովին այլ որակի աշխատանք է ենթադրում: Բայց այդ ամբողջապես ընդունելն էլ նշանակում է`պիտի ամբողջապես էլ կատարի նա`ով առաջարկում է: Հիմա չունենք այդ իրավիճակը: Վարչապետը մերը չի`ինչպես տեսնում եք: Բնականաբար, սա խոսում է այն մասին, որ այդ ամբողջականությունը չկա»:
ՀՅԴ առաջարկած ծրագրի որոշ կետեր , այո , իշխանությունների համար ընդունելի են, բայց թե ինչ չափով ու որակով, Դաշնակցությանն առայժմ պարզ չէ: Օրինակ, խորհրդարանական համակարգի մասին այսօր խոսվում է, բայց ՀՅԴ-ն վստահ չէ, որ խոսքը հենց իր պատկերացրած մոդելի մասին է: Կամ՝ իշխանությունը չի բացառում անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, Դաշնակցությունը , սակայն, մեծամասնականը պահելու քողարկված տրամադրվածություն է տեսնում: «Երկրորդական, երրորդական հարցերում համաձայնության գալը մեզ չի բավարարում: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի տեսնենք համակարգի այնպիսի փոփոխություն, որը կերաշխավորի ամբողջական, որակական փոփոխություն իշխանության մեջ: Մենք կոալիցիա չենք մտնի ձեւական ինչ-որ մասնակցություն ունենալու տրամաբանությամբ: Թե խնդիր կա լուծելու, մենք հասկանանք`ի՞նչ ենք լուծում»,- ասում է Ռուստամյանը։
Լրագրողները փորձեցին փոքր-ինչ որոշակիացնել ՝ տոկոսային հարաբերակցությամբ որքա՞ն է յոթ կետերի ընդունման և ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու հավանականությունը: Թվային պատասախան չհնչեց։ «Տոկոսային հարաբերությամբ դժվարանում են ասել, բայց վերապահումների մասին խոսեցի, որոնք կետ առ կետ գոյություն ունեն: Այնպես որ՝ սա չի կարող ընկալվել որպես 7 կետերի լիարժեք ընդունում»։
Հարցին, թե եթե իշխանությունը ՀՅԴ- ի 7 կետերը մասնակի ընդունի, հնարավո՞ր է, որ Դաշնակցության մասնակցությունն էլ կառավարության կազմում մասնակի լինի, Արմեն Ռուստամյանը հետևյալ կերպ պատասխանեց. «Մասնակի չի լինում։ Կամ կառավարության մեջ ես, կամ՝ ոչ: Կամ քաղաքական պատասխանատվությամբ լիարժեք մտնում ես, կամ՝ ոչ։ Երկրորդական, երրորդական հարցերի ընդունումը կնշանակի, որ ՀՅԴ–ն իր ընդդիմադիր կեցվածքը պահպանում է»:
Վերջնական որոշումը, ըստ Արմեն Ռուստամյանի, կկայցվի ՀՅԴ Գերագույն ժողովը, որը հրավիրվել է ապրիլի 18-ին և կտևի երեք օր: