Քաղաքական

Աշոտ Մանուչարյանը սահմանադրական փոփոխություններում խարդավանք է տեսնում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Սահմանադրական բարեփոխումմների ներկայիս նախաձեռնությունը հետին նպատակներ ունեցող կամայական ձեռնարկ է»,-նման հայտարարություն է արել Պարույր Հայրիկյանը` լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր ղեկավարած ԱԻՄ-ի դիրքորոշումը: ԱԻՄ-ը հայտարարում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություններն արդարացվում են միայն այն դեպքում, երբ դրանք ուղղված են քաղաքացու դերակատարության եւ ազդեցության ավելացմանը, մարդու իրավունքների ընդլայնմանն ու ամրապնդմանը: Սահմանադրական բարեփոխումների մասին այսօր խոսել է նաեւ քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը: Նա համուզմունք է հայտնել, որ այդ ամենը խարդավանքների մի գործիք է: Մանուչարյանն անդրադարձել է նաեւ վարչապետի նշանակման փաստին` արձանագրելով, որ դա չէ ամենաէական խնդիրը, այլ այն, որ Հայաստանից հայ ժողովուրդը կազմակերպված դեպորտացվում է եւ դրա դեմը պետք է առնի ինքը` ժողովուրդը:

Այսօր Հայաստանում ստեղծված են անտանելի պայմաններ եւ ժողովուրդը դեպորտացվում է երկրից: Այս կարծիքին է քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա այն, ինչ կատարվում է` կազմակերպված դեպորտացիա է: Իշխանություն դարձած կրիմինալից մեկ ուղերձ ենք ստացել` կողոպուտը երկրում շարունակվելու է` այսպես պատկերավորեց քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը վերջին օրերի ներքաղաքական անցուդարձը: Ամեն ինչ, ըստ նրա, խարդավանք է: Սա անթույլատրելի է եւ դրա վերջը պետք է տրվի` հավելեց Աշոտ Մանուչարյանը, իսկ դա անողը պետք է լինի հայ ժողովուրդը` իր ինքնապահպանման համակարգերը ձեւավորելով:

Ի պատասխան հարցերից մեկի` ավելի կոնկրետ խոսելով վարչապետի նշանակման փաստի մասին` Աշոտ Մանուչարյանը կարծիք հայտնեց, որ դա ամենահիմնական խնդիրը չէ:

Վարչապետի փոփոխության խնդիրը չի կարեւորում նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ասաց, որ դա ամենեւին էլ կարեւոր հարց չէ, քանի որ կա մեծամասնություն, որի իրավունքն է վարչապետ նշանակելը: Փոխարենը Հայրիկյանը կարեւորում է Սահմանադրական փարեփոխումների խնդիրը, բայց ոչ այն կերպ, ինչպես առաջարկվում է:

Աշոտ Մանուչարյանի դիտարկմամբ` Սահմանադրությունը եւս խարդավանքների մի գործիք է.
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նույնպես բացասական դիրքորոշում ուներ Սահմանադրական բարեփոխումների ներկայիս նախաձեռնության նկատմամբ: Նրա ձեւակերպմամբ`այսօր դրա հանրային պահանջը չկա եւ Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը հետին նպատակներ ունեցող կամայական քայլ է: Հայրիկյանի խոսքով` Սահմանադրությունը փոփոխելու հիմնական նպատակը պետք է լինի մարդու իրավունքների ամրագրումը, սակայն առաջարկվող հայեցակարգում իսպառ բացակայում է քաղաքացին:

Ավելի քան ակնհայտ է, որ ներկայացված հայեցակարգի հիմնադրույթների` իրականություն դառնալու դեպքում ժողովրդի դերակատարությունը, այն է` ժողովրդավարությունը Հայաստանում երկու անգամ կնվազի, քանի որ առաջարկվող փոփոխություններով քաղաքացին միայն մեկ անգամ է մասնակցելու երկրի կառավարման գործին` ընտրելով խորհրդարան: Նման բարեփոխում կարող են երազել միայն ժողովրդի ու ժողովրդավարության նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերը, ուստի` հայ ժողովուրդը պիտի մերժի այն` եզրափակեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Back to top button