Հասարակություն

Թվում է, թե մենք գրական հայերեն չունենք, մտահոգվում են լեզվաբանները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրավիրում է համագործակցության հայկական հեռուստաընկերություններին: Համագործակցության նպատակը մեկն է՝ կանխել հեռուստաեթերում հնչող գրական լեզվի նահանջը:

Անցած 2-3 տասնամյակների ընթացքում մեր իրականության ամենատարբեր ոլորտներում կատարված կտրուկ անցուդարձերը չէին կարող էականորեն չազդել նաև մեր լեզվավիճակի վրա, վիճակ, որը մասնագետներին ստիպում է արդեն ահազանգ հնչեցնել: «Գրական լեզու է թափանցել բարբառային արտասանություն, իսկ ժարգոնային արտասանությունը պարզապես դարձել է վարակ: Մեծացել է խզումը գրական և խոսակցական լեզուների, գրավոր և բանավոր խոսքի միջեւ, ցածր է խոսքի մշակույթի մակարդակը, մեր հանրության ստվար մասը եթե չասենք անտարբեր, գոնե անթույլատրելիորեն անփույթ է է մայրենի լեզվի նկատմամբ իր վերաբերմունքի մեջ»,-արաձնագրում են Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մասնագետները: Նրանց մտահոգության առարկան հատկապես եթերից հնչող հայերենն է:

«Լեզվական սխալների դեմ թերթերում տպագրված հոդվածներով պայքարեու ժամանակներն արդեն անցյալում են: Դրանց դեմ պետք է պայքարել, բայց այլ միջոցներով»,-ասում է Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Նրա համոզմամբ՝ վիճակի բարելավման կարևոր նախապայման կարող է դառնալ լեզվաբան մասնագետների ու ու հեռուստաընկերության աշխատակիցների կայուն համագործակցությունը.«Իբրև առաջին քայլ մենք կկազմակերպենք ամենամսյա սեմինարներ լրագորղների համար»:

«Սխալ պատկերացումները լեզվի մասին տարածված են ոչ միայն եթերում, այլև պետական մարմիններում»,-ասում է Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմա Բառնասյանը: Նա ինչպես ասում է ցավ և ամոթ է ապրում այն հայերենի համար, որով շփվում են հատկապես մեր օրենսդիր մարմնի ազգընտիրները:

Back to top button