Հասարակություն

Ա. Աշոտյան. Հայաստանի կրթական համակարգը դառնում է առավել արդիական, բաց և մրցունակ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2014» հերթական` 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցել են 78 ուսումնական հաստատություններ, հրատարակչություններ, կրթական կազմակերպություններ: Միջոցառմանը մասնակցել  է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը և նշել, որ Հայաստանի կրթական համակարգը տարեց տարի դառնում է առավել արդիական, առավել միջազգայնացված, բաց և մրցունակ։

Ցուցահանդեսը երեք  օրերի ընթացքում դիմորդներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն իրենց հետաքրքրող ուսումնական հաստատության մասին: Ցուցահանդեսի նպատակն է նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջված մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել  գործազուրկների և իրական գործատուների միջև, ինչպես նաև ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ իրենց նոր կրթական ծրագրերով: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը վերապահված էր ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին: Շրջելով բոլոր 78 տաղավարներով` նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ ներկայացվող առաջարկներին։

Արմեն Աշոտյանը կարծում է, որ ներկայացվածի լավագույն գնահատականը ցուցահանդեսի նկատմամբ եղած հետաքրքրությունն է, որով էլ տարեց տարի ամրագրվում են ոլորտի հաջողությունները։ «Ակնհայտ է, որ Հայաստանի կրթական համակարգը տարեց տարի դառնում է առավել արդիական, առավել միջազգայնացված, բաց, առավել որակյալ և մրցունակ»։

Մնում է` այդ ամենը ծառայեցնել մեր տնտեսությանն ու հասարակությանը, նկատեց ԿԳ նախարարի պաշտոնակատարը՝ միևնույն ժամանակ պատահական չհամարելով նաև ցուցահանդեսի համար ընտրված «Կրթություն և կարիերա» խորագիրը։

Back to top button