Հասարակություն

Արմավրի մարզում ամբողջությամբ ցրտահարվել է ծիրանն ու կեռասը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքը արդեն երկրորդ տարին կրկնակի տուժեց բնական աղետից: Անցած տարի կարկուտը վնասեց, այս տարի ցուրտը: Ցրտահարության վնասները դեռ ճշտվում են, սակայն մասնագետների նախնական գնահատմամբ ծիրանը, կեռասը ամբողջությամբ են ցրտահարվել, իսկ դեղձը` մասամբ: Պտղատու այգեիների սեփականատերերին առաջարկվել է այս տարի փոխել մշակության տեսակը և զբաղվել բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցմամբ:

Գարնանային ցրտահարության արդյունքներն Արմավիրի մարզում դեռ ճշտվում են, սակայն արդեն պարզ է, որ ծիրանն ու կեռասն ամբողջությամբ ցրտահարվել է: Ցրտահարության վնասները որոշելու նպատակով համայնքներում ձևավորվել են հանձնաժողովներ, որոնք ցրտահարության արդյունքները կներկայացնեն կառավարություն : Ցրտահարությունից նախնական տնյալներով ամենամեծ վնասը կրել են Շենավանը, Նոր Կեսարիան ևս մի քանի համայնքներ: Նոր Կեսարիայում վնասի չափն ընդգրկում է շուրջ 130 հա տարածք: Գյուղապետ Հրայր Գալստյանի տեղեկացմամբ հիմնականում վնասվել է ծիրանը, կեռասը, սալորը, դեղձը:

Նոր Կեսարիան տուժել էր նաև նախորդ տարվա կարկտահարությունից, որի դիմաց գյուղացուն 100 տոկոսով փոխհատուցվեց հողի հարկն ու ջրի վարձը, տրվեցին տարբեր դրամական և նյութական օգնություններ, մեկ տարով սառեցվեց վարկը : Գյուղացին այս տարի նոր տրամադրությամբ էր մտնելու այգի, որին նախապես պատրաստվել էր ձեռք բերելով, դիզելային վառելանյութ, պարարտանյութ և թունաքիմիկատ, սակայն բնական աղետը կրկին չանտեսեց համայնքի գյուղատնտեսությունը:

Ցրտահարված այգիների սեփականատերերին առաջարկվել է նյութական վնասը վերականգնելու նպատակով մշակել բանջարեղեն և այս տարի կրկին պետությունը առաջարկել է անվճար սերմեր: Սակայն ոչ բոլոր գյուղացիներն ունեն վարելահողեր: Հրայր Գալստյանը տեղեկացրեց, որ կօգտագօրծվեն հարևան-բարեկամ կապերը, անհրաժեշտության դեպքում կդիմեն հարևան գյուղերին: Նոր Կեսարիա համայնքում 450 հա հողատարածք 25 տարով տրվել է վարձակալությամբ: Այգետերերին կառաջարկվի նաև այդ տարածքներից չօգտագործվող հողերը մշակել: Հրայր Գալստյանի տեղեկացմամբ գյուղում լուծված է ոռոգման ջրի խհդիրը:

Back to top button