ԿարևորՔաղաքական

Անջեյ Կասպշիկ.Իրավիճակը հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գծում լարված է

Իրավիճակը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լարված է. կարծում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Նա ադրբեջանական Trend գործակալությանն ասել է, որ այդ մասին վկայում են Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների և ռազմական կառույցների հաղորդագրությունները։ Նրա խոսքով՝ այդ տեղեկություններում հաղորդվում է փոխհրաձգության բազմաթիվ դեպքերի և ավելի լուրջ խախտումների մասին, որոնք հանգեցնում են կորուստների, որոնցից յուրաքանչյուրը ողբերգություն է այդ զոհերի ընտանիքների համար։

Անձնական ներկայացուցչի խոսքով՝ համապատասխան կառույցների աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի երկայնքով մշտադիտարկումներ են անցկացվում։ Այդ մշտադիտարկումների մասին զեկույցները ներկայացվում են ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբին։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկրորդ պլան չի մղվում այլ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին»,-ասել է Կասպշիկը՝ պատասխանելով հարցին, թե պետք է բարձրացնել ուշադրությունը հակամարտության կարգավորման հանդեպ՝ Ուկրաինայի հայտնի իրադարձություններից հետո։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետևողականորեն փորձում են հակամարտող կողմերին նոր գաղափարներ ներկայացնել՝ կարգավորման գործընթացն առաջ տանելու համար։ Անցյալ շաբաթ միջնորդները երկու հանդիպում ունեցան Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, մեկ հանդիպում էլ նախագահների հետ՝ արտգործնախարարների մասնակցությամբ»,-ասել է Կասպշիկը։

Նրա խոսքով՝ բոլոր ջանքերն ուղղված են հակամարտության կարգավորմանն ու լարվածության թուլացմանը։ Նա նշել է, որ համաձայն գործող նախագահի մանդատի՝ ինքը պարբերաբար այցելում է տարածաշրջան։ «Ես և իմ թիմը պարբերաբար այցելում ենք այն տարածքներ, որոնք տուժել են հակամարտության ընթացքում՝ ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին նոր տեղեկություններ հաղորդելու նպատակով»,-ասել է նա։

Back to top button