ԿարևորՄիջազգային

The Telegraph. Թուքիան աջակցել է Քեսաբի վրա հարձակված գրոհայիններին

Թուրքիան աջակցել է իսլամիստ գրոհայիններին Սիրիայում հայկական Քեսաբի շրջանի վրա հարձակման ժամանակ, գրում է բրիտանական The Telegraph— ը։

Թերթը գրում է, որ մի քանի ամիս նախապատրաստված գործողությունների ընթացքում թուրքական իշխանությունները թույլատրել են գրոհայիններին հարվածել թուրքական սահմանային կետից, որը ռազմավարական դիրք ունի։ Սա թերթին հաստատել է ընդդիմադիր մի ակտիվիստ, որի անունը չի նշվում։ Նա նշել է, որ թուրք զինվորականները թույլատրել են գրոհայիններին հարվածել սիրիական զորքերին թուրքական սահմանապահ անցակետից։ «Մեզ պետք էր վարչակարգի ուժերին հարվածել տարբեր կողմերից, եւ դա ծովափնյա միակ կետն էր»,- ասել է նա։

Քեսաբի բնակիչները լրագրողին պատմել են մարտի 21- ի գրոհի ժամանակ իրենց ապրումների մասին։ «Մենք արթնացանք հրանոթային կրակից։ Անգամ հագնվելու ժամանակ չունեինք։ Ես վերցրեցի կնոջս ու երեխաներիս։ Անգամ իրեր վերցնելու ժամանակ չունեինք։ Ոմանք փախչում էին գիշերազգեսներով»,- պատմել է 45- ամյա Պետրոսը՝ խնդրելով չհայտնել իր իսկական անունը։

Երկու օր անց իսլամական խմբավորումները, այդ թվում «Ալ Կաիդայի» հետ առնչություն ունեցող «Ալ Նուբրայի ճակատը» գրավում են Քեսաբը։ Երկու հազար հոգանոց քաղաքի համարյա ողջ բնակչությունը փախչում է։ Գրոհի գիշերը Պետրոսի ազգականներից մեկը եղել է սիրիական զորքերի հսկողության տակ գտնվող Թուրքիայի հետ սահմանակից անցակետում։ Նա տեսել է իսլամական գրոհայիններին թուրք զինվորականների հետ միասին։ Գրոհայինները հրետակոծում էին քաղաքը Թուրքիայի կողմից։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հետաքննությունը հաստատել է Քեսաբի գրավմանը Թուրքիայի մասնակցությունը։ HRW- ի աշխատակից Լամա Ֆաքիհը նշում է, որ գրոհայինները չէին կարող ներխուժել Սիրիա առանց թուրքերի գիտության։

Բրիտանական պարբերականը գրում է, որ Քեսաբի բնակչությունը տեղի ունեցածի առնչությամբ հիշում է հայերի 1909 թվականի կոտորածներն ու 1915- ի Ցեղասպանությունը, երբ քաղաքի հազարավոր բնակիչներ սպանվեցին օսմանների կողմից։ «Մենք միշտ մտածել ենք, որ թուրքերը ինչ- որ ժամանակ կհարձակվեն մեզ վրա»,- ասոել է Պետրոսը եւ ընտանիքի անդամները գլխով համաձայնության նշան են արել։

Back to top button