Տնտեսագետ.Դրամի արժեզրկումը պայմանավորված է տնտեսության ընդհանուր վիճակով


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Եթե դրամն արհեստականորեն չարժեւորվի, ապա արտարժույթի նկատմամբ դրամի անկումը, թեկուզ ոչ մեծ տեմպերով, սակայն, տեղի կունենա: Այս կարծիքն է «Ռադիոլուր»-ի հետ այսօրվա զրույցում հայտնել տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նշելով դրամի արժեզրկմանը նպաստող գործոնները` տնտեսագետը կարծիք է հայտնել, որ եթե նոր կառավարությունը շուտափույթ նախագծեր ու ծրագրեր չիրականացնի, ապա` փոխարժեքը արհեստականորեն կայուն վիճակում պահելը երկար չի հաջողվի եւ արժեզրկումը կշարունակվի: Վարդան Բոստանջյանը, սակայն, լավատես է եւ կարծում է, որ նոր ձեւավորվելիք կառավարությանը կհաջողվի աժխուժություն մտցնել` կանխելով հետագա արժեզրկումը:
Մեկ այլ տնտեսագետ` ընդդիմադիր գործիչ Վահագն Խաչատրյանը, մինչդեռ, դրական սպասելիք ամենեւին չունի:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի գնահատմամբ` դրամի արժեզրկումը նախեւառաջ պայմանավորված է տնտեսության ընդհանուր վիճակով, որում գտնվում է այն այսօր: Կան նաեւ փոխարժեքի վրա ազդող այլ գործոնններ նույնպես. «Ինչպես մեր երկրում է սոցիալ-տնտեսական վիճակը վատ, այնպես էլ նոմալ չէ դրությունը ՌԴ-ում: Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը, ինչպես նաեւ տարածաշրջանային որոշ զարգացումներ, բնականաբար, բացասական ազդեցություն են ունենում մեր ազգային արժույթի վրա»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նախ նկատեց, որ դրամն ինքնին արժեւորված է եւ այն իրական արժեքը չի արտահայտում, ինչը կա: Ըստ տնտեսագետի, երկրի տնտեսական վիճակից ելնելով, կարելի է հաշվարկել ու հասկանալ, որ դոլարի նկատմամբ դրամի իրական փոխարժեքը 100-ով ավելի է, քան այսօր կա:
«Եթե թողնեին իսկապես ազատ լողացող կուրսի քաղաքականության շրջանակներում ինքը շուկան ձեւավորեր, առանց ԿԲ ակտիվ մասնակցության, մեզ մոտ ապրանքի գները շատ կտրուկ կբարձրանային»:
Դրամի արժեզրկումը Վահագն Խաչատրյանը պայմանավորում է տնտեսական ընդհանուր անկմամբ` տրանսվերտների նվազում, արտահանման ծավալների անկում եւ բոլոր այն անհաջողությունները, որոնցով սկսվել է տարին:
Վարդան Բոստանջյանի գնահատմամբ` առաջիկայում էլ չեն երեւում գոնե աղոտ հեռանկարներ, որ հայկական դրամի արժեզրկման միտումները շուտափույթ կերպով կփոխվեն: Ըստ նրա` դրամի արժեզրկումը կշարունակվի, հետեւաբար` այդ իսկ պատճառով կշարունակվեն նաեւ արհեստական միջամտությունները:
«Կարծում եմ, որ այդ պրոցեսը կշարունակվի, սակայն, դրամային իշխանությունները, որոնք կոչված են գների կայունություն ապահովելուն, հավանաբար որոշակի արհեստական միջամտություն պետք է իրականացնեն, որպեսզի անկումը մեծ չլինի»:
Նման միջամտությունը կլինի, ինչպես միշտ է եղել` համոզված է Վարդան Բոստանջյանը: Ըստ տնտեսագետի` անվճարունակության արդյունքում զգալիորեն անկում է ապրել դրամաշրջանառությունը եւ տնտեսական շրջանառության այս նեղացումն իր հերթին է հանգեցնում դրամի արժեզրկման: Որոշակի դերակատարում ունի նաեւ կառավարության հրաժարականը: Նոր կառավարության ձեւավորումը ժամանակ է պահանջում եւ հենց այդ ժամանակահատվածում տնտեսությունը, ըստ էության, գտնվում է կոլապսային իրավիճակում` իր հետեւանքներով:
Վահագն Խաչատրյանը նույնպես կարծում էր, որ դրամի արժեզրկումը կշարունակվի: Նրա համոզմամբ, սակայն, նոր կառավարությանը չի հաջողվի տնտեսությունն աշխուժացնել, քանի որ խնդիրը ոչ թե կառավարությունն իր ղեկավարով փոխելն է, այլ` «Պետք է հիմնական ուղղությունը փոխել կառավարության եւ իշխանության գործելաոճի»:
Խնդիրներն էլ լուծվում են ոչ թե հրահանգերով, այլ` կոնկրետ գործով եւ օրինակով` շեշտեց ընդդիմադիր գործիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով` ելքն այն է, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը կարողանա շուտափույթ նախագծեր ու ծրագրեր իրականացնել, ընդ որում` արագ տեմպով, որ հնարավոր լինի շրջանառությունն աշխուժացնել: Հնարավոր է արդյոք ակնկալել արագ աշխուժացում ոլորտում, դեռեւս վաղ է ասելը: Վարդան Բոստանջյանի խոսքով` նախ պետք է տեսնել, թե ինչպիսի ներուժով կառավարություն է ձեւավորվում, որից հետո եւ` համարժեք եզրահանգումներ կատարել:
«Անհնարին ոչինչ չկա: Սակայն, մենք ունենք խոցելիություն` պայմանավորված կառավարման վատ համակարգով»:
Վարդան Բոստանջյանի ձեւակերպմամբ` նոր կառավարությունն այլընտրանք չունի եւ պետք է լավ աշխատի: Տնտեսագետը հակված է կարծելու, որ հենց այդպես էլ կլինի: Հայաստանի քաղաքացին աշխատող է եւ արժանի է արժանավայել ապրելու` եզրափակեց Վարդան Բոստանջյանը: Վահագն Խաչատրյանը, մինչդեռ, դրական սպասելիք ամենեւին չունի: Նրա խոսքով` սկսված տնտեսական գործընթացները շարունակվելու են եւ գնալով աճելու է տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, ավելին` Մաքսային միության անդամակցությամբ պայմանավորված նոր տնտեսական հարաբերություններն անորոշ են եւ դրան, տնտեսագետի համոզմամբ, պատրաստ չեն ոչ մասնավոր հատվածը, ոչ պետական կառույցները: