Հասարակություն

Մինչև տարեվերջ կվերանոգվեն ու կջեռուցվեն մանկական բոլոր պոլիկլինիկաները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր տարվա եռամսյակային աշխատանքներն է ամփոփել փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Լրագրողների հետ հանդիպմանը նա ներկայացրել է առողջապահության ոլորտում արձանագրված ձեռքբերումները, մայրաքաղաքի ու փողոցների բարեկարգման առաջիկա աշխատանքները: Փոխքաղաքապետը նշել է, որ մինչև տարեվերջ կվերանոգվեն ու կջեռուցվեն մանկական բոլոր պոլիկլինիկաները:

Քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքը քաղաքացիների համար հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու իր որդեգրած քաղաքականությունը: Փողոցների բարեկարգումից, մայրաքաղաքի արտաքին ձևավորումից մինչև առողջապահական ոլորտի խնդիրների եռամսյակային լուծումներն այսօր ամփոփեց քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Արշակունյաց, Միասնիկյան, Չարենց, Հալաբյան, Կիևյան, Թբիլիսյան խճուղի և Սեբաստիա. սրանք այն փողոցներն են, որտեղ այս տարի կկառուցվեն վերգետնյա անցումներ:

Քաղաքապետարանը կանգառներում նախորդ տարի տեղադրված 22 չվացուցակները այս տարի կավելացնի նաեւ 33-ը, որն էլ շուտով կծրագրավորվի և կհանձնվի քաղաքացիներին: Այս ծրագրի արժեքը, Դավիթ Օհանյանի փոխանցմամբ, կազմում է 300 միլիոն դրամ: Մայրաքաղաքն ավելի գեղեցիկ դարձնելու ուղղությամբ ևս քայլեր ձեռնակվել են: Արտաքին գովազդից տեղական տուրքի այս տարվա հավաքագրումը, Դավիթ Օհանյանի տեղեկացմամբ, կազմել է 355 միլիոն 16 հազար դրամ՝ նախատեսվածից 43 միլիոնով ավելի: Երևանի կենտրոնից ապամոնտաժվել են 106 մեծ և մոտ 3000 մանր և միջին հին գովազդային վահանակներ:

Ապամոնտաժվել է նաև օրենքին հակասող 324 գովազդային վահանակ: Քաղաքապետարանի քայլերն այս ուղղությամբ շարունակական են լինելու, հավաստիացնում է փոխքաղաքապետը: Իսկ բուժհաստատություններում էլ նախորդ տարիներից կուտակված խնդիրներին քաղաքապետարանը փորձում է կամաց-կամաց լուծումներ գտնել: Նախորդ տարի երևանյան բուժհաստատություններին տրամադրվել է 54 միլիոն դրամի սարքավորում, այս տարի ոլորտին տրամադրվող ֆինանսավորումը կրկնապատկվել է:

«165 միլիոն դրամ, որից 100 միլիոնը կտրամադրվի բուժսարքավորումների ձեռքբերմանը, 15 միլիոն՝ կոմպյուտերային տոնոգրաֆիայի սարքավորումը պետպատվերի շրջանակներում չկա և այն մեծ գումար է պահանջում, սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի որպես օգնություն և 50 միլիոն դրամ մենք կուղղորդենք մեր առողջապահական հիմնարկների վերանորոգմանը»:

Դավիթ Օհանյանը վստահեցնում է, որ տարեվերջին ամբողջությամբ կջեռուցվեն մայրաքաղաքի մանկական բոլոր պոլիկլինիկաները:

Back to top button