Վերլուծական

Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ նվազեց ներքաղաքական լարվածությունը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ կառավարության ղեկավարի պաշտոնին Հովիկ Աբրահամյանի նշանակումը առաջին հերթին պայմանավորված է նրա կազմակերպական ունակություններով։ Ըստ նրա՝ կառավարության փոփոխությունը պայմանավորված չէ արտաքին գործոններով: Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի պատճառները երկրի ներսում էին: 

Քաղաքագետը նկատեց, որ վերջին տարվա ընթացքւմ գործադրի նախաձեռնությունների մեծ մասը և բարեփոխումների փորձերը ձախողվեցին, ինչի մասին են վկայում քաղաքացիական ակտիվիստների բողոքի հաճախակի ակցիաները։ Ըստ Մինասյանի՝ նոր վարչապետի հասարակական վարկանիշը զգալի զիջում է նախորդի  նշանակման պահին եղած ցուցանիշին: Սակայն մյուս կողմից առկա քաղաքական դաշտում Հովիկ Աբրահամյանի նշանակումը կարող է էականորեն փոխել քաղաքական ուժերի դասավորվածությունը՝ ինչպես իշխող կոալիցիայի կազմի ֆորմալ կամ ոչ ֆորմալ ընդլայնման միջոցով, այնպես էլ արհեստավարժների ներգրավմամբ ՝ գործադրի կազմում:

Ամեն դեպքում՝ նոր վարչապետի նշանակմամբ զգալի նվազեց ներքաղաքական լարվածությունը, հատկապես ապրիլի 28-ին նախանշված ոչ իշխանական ուժերի միացյալ հանրաքվեին ընդառաջ։ Կառավարության ձևավորմանը ուշի ուշով հետևում են հատկապես ընդդիմադիրները, քանի որ հենց Հովիկ Աբրահամյանի  կադրային քաղաքականությունից են կախված նրանց հետագա քայլերը: Իսկ նոր վարչապետը այս հարցում օժտված է լայն լիազորություններով: Այս առումով նրա նշանակումը քաղաքական էր։

Back to top button