Հասարակություն

Երիտասարդության զբաղվածության խնդիրն ամենասրվածն է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Երիտասարդների համար այսօր թիվ մեկ խնդիրը որակյալ կրթությունն է և մասնագիտության ճիշտ ընտրությունը, լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Նա նաև նշել է, որ կրթությունը պետք է լինի թանկ և որակյալ, բայց քանի որ կրթությունը հայատանում փոխնախարարի գնահատմամբ թանկ չէ, հետևաբար պահանջարկը թելադրում է որակ: Նման պայմաններում Արեսն Քարամյանը շատ բնական է համարել, որ գործազրկությունը Հայաստանում աճ է արձանագրում և այս առումով նա նշել է, որ լուրջ անելիքներ կան ինչպես բարձրագույն այնպես էլ միջին մասնագիտական կրթական հաստատություններում:

Ամենասրված խնդիրներից մեկն այսօր երիտասարդության զբաղվածությունն է, որն առաջին հերթին պայմանավորված է որակյալ կրթության բացակայությամբ, կարծում է Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Նրա տեղեկացմամբ` Հայաստանում աշխատանք գտնելու խնդիր ունի բնակչության 37 տոկոսը: Դա են վկայում նաև նախարարության կատարած ուսումնասիրությունները: Արսեն Քարամյանի խոսքով` գործատուներն իրականում կադրերի մեծ պահանջ ունեն, երիտասարդներն էլ այնպես չէ, որ չեն դիմում աշխատանքի տեղավորվելու համար: Սակայն այն ինչ կատարվում է կրթության ոլորտում, ոչ թե օգնում է աշխատանքի տեղավորմանը, այլ հակառակը` նպաստում է գործազրկության աճին:

«Բարձրագույն կրթությունը երաշխիք չէ, որ դուք ունենալու եք լավ վճարվող աշխատանք: Միջին մասնագիտականում էլ մենք բավականին անելիքներ ունենք: Բանկային ոլորտի ղեկավարները մեզ ասում են մենք ունենք որակյալ կադրերի պակաս, ասում եմ բա բուհերից դուրս են գալիս, պատասխանում են, որ դա բավարար չէ ու իրենք առնվազն 6 ամսից 1 տարի աշխատում ենք շրջանավարտի վրա, որպեսզի նա շատ թե քիչ համապատասխանի մեր պահանջներին»:

Կրթությունը պետք է լինի թանկ և որակյալ, և լինի նաև մրցակցային ու ոչ թե ով դիմի բուհ, միանգամից և հեշտությամբ ընդունվի: Հարցին, թե ինչպես պետք է հասնել որակյալ կրթության, Քարամյանը պատասխանեց, որ որակը կախված է պահանջարկից:

«Դուք ոնց եք պատկերացնում լավ ապրանքը լինի էժան: Չի լինում այդպիսի բան: Աշխարհի ոչ մի կետում լավ բաժակը չեք կարող գնել ցածր գնով: Եթե այն մրցունակ է, պետք է լինի թանկ: Նոր բան չենք հայտնագործելու: Եթե ուզում ենք, որ մեր կայնքը վաղը դառնա բարեկեցիկ, մենք պետք է բարեփոխումներ օր առաջ սկսենք կրթական ոլորտից»:

Ի դեպ` փոխնախարարի տեղեկացմամբ` մեկ ամիս առաջ իրենք կառավարությանը ներկայացրել են նախագիծ, որով նախատեսում են մարզաբնակ երիտասարդ ընտանիքներին շուկայական գներից էժան բիզնես վարկեր տրամադրել՝ մինչև տասը միլիոն դրամի չափով: Փոխնախարարի կարծիքով, առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախագիծը կդառնա կառավարության որոշում, իսկ կկիրառվի արդեն իսկ 2015 թվականից:

Back to top button