ԿարևորՀասարակություն

Երեւանի տրանսպորտային քաոսը. կամ առաջ փողը՝ հետո որակ, թե՞ առաջ որակը՝ հետո փող

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Տրանսպորտային ոլորտը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ «քաոսային» վիճակից: Մոտավորապես՝ մեկ ամիս առաջ, երբ խորհրդարանում առաջին ընթերցմամբ  քննարկվում էր «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հանրային տրանսպորտի հետ կապված խնդիր կա, տնտեսական հանձնաժողովը պետք է լսումներ կազմակերպի: Վերջին շրջանում հաճախացել են նաեւ հանրային տրանսպորտի թանկացման մասին խոսակցությունները: Արդեն վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումը այս հարցում դեռեւս հայտնի չէ: Ի պաշտոնե եւ խորհրդարանում քննարկվող նախագծով տրանսպորտային խնդիրների կարգավորումը տրվում է քաղաքապետարանին, ավելի ճիշտ` «մեկ օպերատոր» ասածին, իսկ սակագների սահմանումը` ավագանուն։

Հանրային տրանսպորտ կոչվող ոլորտում այսօր տիրում է նույն քաոսային իրավիճակ, ինչպիսին, ասենք` 13 նստատեղ ունեցող, բայց առնվազն 30 ուղեւոր տեղափոխող հնամաշ «Գազել»- ում: Երեւանի քաղաքապետարանը մի կողմ դրած ոլորտի բոլոր խնդիրները փորձում է պարզել. թանկացնե՞լ, թե՞ չթանկացնել ուղեվարձը: Այդ նպատակով նույնիսկ հիմնել է առանձին` Ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողով: 35 անդամից նույնիսկ 5-ը չի ներկայացնում շարքային սպառողի շահերը, աշխատում են մոտավորապես 8 ամիս, բայց առայժմ` ոչինչ: Սա այն դեպքում, երբ օրինակ` Վրաստանում հանրային տրանսպորտի խնդիրը լուծվել է մեկ տարում, ասում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ ղեկավար Կարեն Չիլինգարյանը։ 

Արտոնությունների հստակ մշակված եւ, ամենակարեւորը, գործող համակարգ: Այն աստիճանաբար կարող է հիմնվել միայն մի դեպքում. եթե խորհրդարանում ընդունվեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, ասում է կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նախագծով նախատեսվում է առայժմ Երեւանում ստեղծել «մեկ օպերատորի», ինչպես նաեւ «միասնական վճարային» գաղափարը։

Հարցն արդեն նմանվել է հավի եւ ձվի պատմությանը: Ուղեւորափոխադրողները պնդում են՝ մինչեւ տրանսպորտը չթանկացնեն՝ բարեփոխում հնարավոր չի անել, սպառողները ցանկանում են վճարում կատարել ըստ որակի։ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը այն մարդկանցից է, ով այսօր ներգրավված է Ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի կազմում: Ուսումնասիրելով բոլոր նյութերը նա այդպես էլ չի հասկացել՝ ինչի՞ համար պետք է թանկացվի ուղեւարձը։

Back to top button