Քաղաքական

Ապագա կառավարությունում իր ճակատագիրը ՕԵԿ- ը կորոշի վաղը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Եթե մինչեւ երեկ նոր կառավարության ձևավորման  հիմնական ինտրիգը ոչ իշխանական ԲՀԿ-ի և  Դաշնակցության նոր կառավարությանը մաս կազմել- չկազմելու հարցն էր, ապա այսօր արդեն ինտրիգը կապվում է նաև  «Օրինաց երկրի» հետ: Ոչ իշխանական քառյակի երկու ուժերի կոալիցիա  մտնել-չմտնելու աղմուկը փոքի-ինչ ստվերեց Հանրապետական կուսակացության  կոալիցիոն ավանդական գործընկերոջ ՝ ՕԵԿ-ի անելիքների ու մտադրությունների թեման: Մինչդեռ մամուլն իր հավաստի, բայց անանուն  աղբյուրները վկայակոչելով երեկվանից շրջանառում է, որ  ՕԵԿ-ում  կոալիցիան լքելու մտադրություններ կան:

Սա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, ՕԵԿ խմբակցությւան պատգամավորները պարզաբանել չեն շտապում։ Լուրի  ոչ հերքումը, ոչ  էլ հաստատումը  «Ռադիոլուրին» ճշտել այսօր չհաջողվեց:  Խմբակցության գրեթե բոլոր պատգամավորներն այսօր նախընտրում էին չպատասխանել հեռախոսագանգերին: Կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսակայնը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեմն վաղը ՝ «Օրինաց երկիր» կուսակացության քաղխորհրդի նիստի ժամանակ։ «Վաղը՝ ապրիլի 16-ին տեղի կունենա ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որի ընթացքում  կքննարկվի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակն ու ՕԵԿ քաղաքական դիրքորոշումն այդ իրավիճակում: Կոալիցիայում մնալու կամ չմնալու հարց մենք դեռ չենք քննարկել, բոլոր քննարկումները կլինեն վաղը,  արդյունքների մասին անպայման կիրազեկենք հանրությանը»։

Հիշեցնենք, կոալիցիոն վերջին հուշագիրը ՕԵԿ-ի  և Հանրապետականի  միջև ստորագրվել է 2012-ի մայիսի 30-ին ՝ խորհրդարանական ընտրություններից  հետո և 2013-ի նախագահական ընտրություններից առաջ: Կոալիցիոն հուշագրով «Օրինաց երկիրը» երեք նախարարական պորտֆել  ստացավ: ՕԵԿ-ի քվոտայով Տիգրան Սարգսյանի կառավարությունում էին և որպես պաշտոնակատարներ շարունակում են գործել  քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

Կլինե՞ն կառավարության կազմում, թե՞ ոչ. հարցը բաց է ոչ միայն ՕԵԿ-ի , այլ նաև Դաշնակցության դեպքում: Կուսակցությունը դեռ բանակցություններ է վարում իշխող Հանրապետականի հետ և ինչպես Արծվիկ Միանասյանն է նշում՝ որոշումը կկայացվի ըստ քննարկումների արդյունքի: ՀՅԴ-ն սպասում է իշխանության պատասխանին՝ ընդունվո՞ւմ է Դաշնակցության  7 կետանոց ծրագիրը, թե՞ ոչ: Այդ  փաստաթղթով, հիշեցնեմ, Դաշնակցությունն առաջարկում է մինչև 2015թ. սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել ՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու նպատակով, խոսում է նաև 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ընդդիմությանը վերահսկողության լծակներ տրամադրելու և այլ հարցերի  մասին։

Այդ կետերից երկուսը՝ խորհրդարանական կառավարման մոդել և համամասնական ընտրակարգ, կարող են լուծվել սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Հրապարակված հայեցակարգում դրանց վերաբերյալ առաջարկներ,  համենայն դեպս,  կան։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքվեցինք ՝ սա արդյո՞ք բավարար չէ, որպեսզի Դաշնակցությունը կառավարության մաս կազմելու օգտին որոշում կայացնի։ «Բնականաբար ոչ, որովհետև 7 կետերի մեջ միայն սահմանադրական փոփոխությունները չէին: Օրինակ՝ ընդդիմության մասին օրենք ընդունելու, բիզնեսն ու քաղաքականությունը հստակ տարանջատելու կամ ընդդիմությանը վերահսկողության լծակներ տալու մասին որոշումները ընդունելու համար առաջին հերթին միասնական քաղաքական կամք է պետք: Այսինքն, այնպես չի, որ իրենք ասեցին ՝ 7 կետերն ընդունում ենք, մենք էլ վեր կացանք ու գնացինք: Այդ 7 կետերի իրացման ամբողջ մեխանիզմը պետք է լինի: Այդ պատճառով այս կոնսուլտացիաները շատ կարևոր են»։

Հենց այդ կոնսուլտացիաների արդյունքով էլ դաշնակցականներն ասում են, որ որոշում կկայացնեն: Իսկ նման քննարկումների կարիք այս փուլում կարծես չի տեսնում ԲՀԿ-ն: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել էր՝ որևէ ձևաչափով կամ տրամաչափով  «Բարգավաճ Հայաստան»-ը նոր կառավարությանը մաս չի կազմելու։

Back to top button