Վերլուծական

Մեծ եղեռնը միջազգային ասպարեզում դիվանագիտական շահարկումներից դժվար է զերծ պահել

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևը կարևոր առաջխաղացում է, որը չի կարող չանհագստացնել թուրքական կողմին, հատկապես, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ։ Դրական գնահատելով ամերիկյան օրենսդիրների նախաձեռնությունը՝ քաղաքագետ Արամ Մանուկյանը նշեց, որ սա միայն փոքր քայլ է ընդհանուր գործընթացի համատեքստում։

Վաշինգթոնը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը միայն այն դեպքում, երբ դա կբխի սեփական աշխարհաքաղաքական շահերից, հակառակ դեպքում նման որոշում արդեն վաղուց ընդունված կլիներ, նկատեց փորձագետը: Ըստ նրա՝ ներկայումս ևս դրա նախադրյալները առկա չեն:

Արդյո՞ք Թուրքիան մնում է Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցը այս տարածաշրջանում: Վերջին ժամանակներում Անկարան հանդես է գալիս Վաշինգթոնի հետ չհամաձայնեցված քայլերով, մասնավորապես, սիրիական ճգնաժամի ընթացում: Նման ինքնուրույնությունը հաճախ նյարդայնացնում է ամերիկացիներին: Ամեն դեպքում՝ դեռ վաղ է լավատեսական սպասումներ ունենալ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ, կարծում է պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Ըստ նրա՝ այս հարցում ցուցաբերվող ոգևորությունը միամտություն է: Մյուս կողմից՝ ամերիկյան բանաձևը կխթանի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ամբողջ աշխարհում, համոզված է պատմաբանը:

Մեծ Եղեռնը միջազգային ասպարեզում դիվանագիտական շահարկումներից դժվար է զերծ պահել, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական լարված պայմաններում: Առկա պայմաններում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը իրատեսական չէ, հավելեց փորձագետը։

Back to top button