Քաղաքական

Մանևրելու պահ ենք մտնում.Ալեքսանդր Արզումանյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Նոր վարչապետի անձի հարցում անակնկալ չեղավ: Այս կարծիքին է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա շեշտել է, թե այդպես է գոնե իր համար: Արզումանյանը հիշեցրել է, որ հրաժարականի առաջին իսկ օրից խոսակցություններ են եղել. «Պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ է ներկայացնում այս կառավարությունը»,-շեշտել է Ալեքսանդր Արզումանյանը։

Խնդիրն ամենեւին էլ վարչապետի անձը չէ, այլ համակարգի ամբողջական փոփոխությունը, տնտեսական այս ճգնաժամից դուրս գալու ուղիները: Ծրագիր ներկայացնելուց հետո միայն հնարավոր կլինի գնահատականներ տալ` հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը: Տիգրան Սարգսյանի հրաժարականը Ալեքսանդր Արզումանյանը չկապեց ոչ իշխանական քառյակի ճնշման հետ:

«Ակնհայտ էր, որ ինչ-որ պահի պետք է զոհաբերվի վարչապետը, քանի որ երկիրը վերջին վեց տարիների ընթացքում որեւէ առաջընթաց չի արձանագրել եւ ոչ մի ոլորտում»:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ազատ գործելու հնարավորություն է տրվել նոր վարչապետին` ընդդիմադիր գործիչը հեգնելով հավելեց, թե արգելվել է նաև կաշառք վերցնելը: Մեկ այլ առիթով էլ ընդդիմադիր գործիչը այսպես ամբողջացրեց. «Քաղաքական գործչի փեշակն է, որ մեծ-մեծ խոստումներ տրվեն` ասելով, թե ամեն ինչ արվում է կյանքը բարելավելու համար: Հիմա` ընտրողի որոշումն է. կընտրի այն քաղաքական ուժին, որը տարիներ շարունակ որեւէ խոստում չի իրականացրել»:

Խոսելով ոչ իշխանական քառյակի մասին` Ալեքսանդր Արզումանյանը կարծիք հայտնեց, որ այսուհետ ԲՀԿ-ն չի լինի այնքան խիստ կառավարության նկատմամբ, ինչքան Տիգրան Սարգսյանի և նրա կառավարության նկատմամբ էր։ «ԲՀԿ-ն իրեն այլընտրանք հռչակելու առաջին իսկ օրվանից հիմնական թիրախ է ունեցել վարչապետի անձն ու կառավարությունը: Հովիկ Աբրահամյանի պարագայում սուր չի կարող լինել. նա ընդունելի ֆիգուր է ԲՀԿ ղեկավարության առումով, կարելի է ասել` գտնվել է կոմպրոմիս»:

Կմտնի ԲՀԿ-ն կոալիցիա թե ոչ. Ալեքսանդր Արզումանյանի ձեւակերպմամբ` դա կապված է նրանց փչանալու աստիճանից։ «Այսինքն, թե որքանո՞վ կվարկաբեկվի ուժը՝ մտնելով կոալիցիայի մեջ, թե՞ կոալիցիայից դուրս համագործակցելով իշխող ռեժիմի հետ, այնուամենայնիվ, լինի այլընտրանք, կիսաայլընտրանք, ընդդիմադիր, ոչ իշխանական, կիսաիշխանական…. Հիմա մենք կունենանք տերմինների բազմազանություն»:

Թե ինչ է սպասվում ոչ իշխանական քառյակին` առայժմ դժվար է ասել: Ալեքսանդր Արզումանյանը նախ նշեց, որ ինքը լինելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, կաշկանդված է, քանի որ «Ժառանգությունը» քառյակի անդամ է, ապա հավելեց, թե` դեռևս մանևրելու շրջան է:

«Ինքը փաստը լավ է, որ կարողանում են նստել սեղանի շուրջ՝ ընդհանուր վարվելակերպ որոնել։ Հիմա մանևրելու պահ ենք մտնում, շրջան, որովհետև քառյակի մի մասը ցանկանում է, արդեն իսկ հավանաբար որոշել է մտնել կոալիցիա, մյուս մասը դեռ առևտրով է զբաղված կոնկրետ պորտֆելների հետ կապված, երբ այս բոլոր խմորումները կավարտվեն, նոր կպարզ կլինի, թե քառյակից ինչ է մնում»:

Back to top button